Esem.am-ը գրում է, որ այս շրջանում Մոսկվայում գտնվող երգչուհի Նանան ամռան այս պասիվ շրջանում աշխատանքային եռուզեռի մեջ է. նա, ինչպես ինքն է ասել, հանգստի մեկնելու ժամանակ չունի:
«Ինձ մոտ այժմ աշխատանքային բուռն շրջան է. հուլիսի 30-ին մենահամերգ ունեմ Մոսկվայի ռեստորաններից մեկում, այժմ էլ ելույթներ եմ ունենում տարբեր քաղաքներում, մասնակցում եմ կորպորատիվ միջոցառումների»,- ասել է երգչուհին:
Նա պատրաստվում է նաև սեպտեմբերի 12-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող «BIG APPLE AWARDS 2015»-ին: Նշված մրցանակաբաշխությանը Նանան կմասնակցի իր «Հալել ա» երգով: Իսկ մինչ այդ, նա իր երկրպագուներին խոստանում է երկու նոր տեսահոլովակով ներկայանալ:
Համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել նաև երգչուհու՝ մեկը մյուսի հետևից արված ֆոտոշարքերը: Դրանք, սակայն, լրատվամիջոցներում հայտնվելուց հետո բավականին շատ բացասական արձագանքների արժանացան՝ Նանայի կերպարի՝ դիմահարդարման, նաև՝ պլաստիկ վիրահատությունների պատճառով: Շատերի կարծիքով՝ երգչուհին պլաստիկ վիրահատություններից հետո տգեղացել է, և դրանք ի վնաս նրա են «աշխատել»:
Նանան վստահեցրել է, որ ոչ մի վիրահատական միջոցների չի դիմել:
«Ինձ քննադատողներն ու տգեղ անվանողները թող առաջին հերթին իրենց նայեն հայելու մեջ, իրենք իրենց հարգեն, սիրեն ու հետո ինձ քննադատեն»,- խորհուրդ է տվել երգչուհին:
Ըստ նրա` ինքը քննադատված երգչուհի է և բոլոր անլուրջ քննադատություններին ժպիտով է վերաբերում:
«Ես դա միշտ նշել եմ ու նշում եմ. ինձ չեն հետաքրքրում անառողջ քննադատությունները: Թող խոսեն, ինչ ուզում են, դրանով իրենք իրենց հոգու աղքատությունն ու ցածր մակարդակն են ցուցաբերում. դրանից իմ ոչ մի տեղը չի ցավում: Ես երգել եմ, երգում եմ ու միշտ կերգեմ իմ երկրպագուների համար»,- եզրափակել է երգչուհին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում