Life.panorama.am-ը գրում է. Արդեն շատերն են հասցրել հետեւել «Հայաստանի Ձայնը 2» նախագծից հայտնի դարձած Արմեն Հովհաննիսյանի եւ հաղորդավար Հակոբ Հակոբյանի զուգերգների շարքին, որոնք վերջիններս ներկայացնում են հետաքրքիր կերպով՝ մեքենայում՝ հենց վարելու ընթացքում:
Արմեն Հովհաննիսյանի ձայնային տվյալներին հանդիսատեսն արդեն ծանոթ էր, իսկ հաղորդավար Հակոբ Հակոբյանի ձայնային հնարավորությունների մասին քչերն էին տեղյակ:
Կայքին հաղորդավարը պատմել է երգելու եւ Արմենի հետ այս նախագծի ստեղծման մասին.
«Նախեւառաջ պետք է բոլորի համար շեշտեմ, որ ինքս ինձ պրոֆեսիոնալ երգիչ չեմ համարում, որովհետեւ դրա համար շատ երկար տարիներ պետք է անցնեմ, բայց չեմ էլ կարող չասել, որ ես բավականին ժամանակ պարապեցի եւ աշխատեցի ձայնիս վրա ու մինչ այս օր էլ ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ: Ձայնս մշակում եմ հենց Արմեն Հովհաննիսյանի մայրիկի մոտ, ով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս է: Անկեղծ ասած՝ սկզբում ոչ մի պլաններ չունեի երգի հետ կապված, պարզապես ուզում էի ձայնս մշակել եւ հետո նոր միայն մտածել հանդես գալ այդ ոլորտում, թե ոչ, սակայն հենց պարապմունքների ընթացքում համընկան ապրիլյան ծանր օրերը, որի ժամանակ ես ու Արմենը որոշեցինք երգել եւ այս կերպ ներկայացնել «Ախպերս ու ես» ստեղծագործությունը»,- պատմեց Հակոբն ու շարունակեց.
«Անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ թե ես, թե Արմենը շատ ծանր էինք տանում Արցախում կատարվող իրադարձությունները, եւ անընդհատ մտածում էինք մեր օգնությունը ցուցաբերելու մասին: Միաժամանակ գիտակցելով, որ բոլորը չէ, որ կարող են սահմանում լինել, ու մենք էլ կարող ենք Ստեփանակերտի հրապարակ գնալու փոխարեն այստեղ աշխատել ու ինչ-որ կերպ օգնել, ուստի ես ու Արմենը որոշեցինք, որ մեր ամեն օրվա աշխատած գումարը պետք է հավաքենք, անհրաժեշտ իրեր ու մթերքներ գնենք եւ ուղարկենք մեր հերոս տղերքին, ովքեր մեր խաղաղությունը կյանքով են պաշտպանում: Հենց այդպես էլ արեցինք, իսկ ընթացքում միտք առաջացավ կատարել ու փոքրիկ տեսանյութով ներկայացնել մեր առաջին զուգերգը, որից ստացված հասույթը կրկին նշածս նպատակին պետք է ծառայեր: Միաժամանակ պետք է շետեմ նաեւ, որ մենք չէինք պատկերացնում, որ արձագանքներն այսպիսին կլինեին»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում