Ինչպես հայտնի է, «Երևան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»:

aravot.am-ն է գրում այս մասին՝ հիշեցնելով, որ ըստ «Երևան սիթիի» մեկնաբանության, «ընկերությունները՝ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները»:

«Առավոտի» տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը կառավարության հետ համաձայնության է եկել, որ օրենքով գործող 20 տոկոսի փոխարեն վճարի 5 տոկոս հարկ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել է 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Հիմա 2 տոկոսի փոխարեն Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել 5 տոկոս և փոխհամաձայնության եկել: Ընդ որում, այսօր արդեն Սամվել Ալեքսանյանը իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ բոլորը պետք է գրանցված լինեն և որևէ աշխատող չի կրճատվելու: Այսինքն, Ալեքսանյանի հետ այսպիսի փոխհամաձայնության են եկել՝ վճարիր 5 տոկոս, բայց բոլոր աշխատողներին բեր հարկման դաշտ ու փորձիր աշխատել մաքուր:

Նախկին իշխանությունների օրոք համաձայնություն է եղել ՊԵԿ-ի հետ, որ ԱՁ-ների միջոցով «Ալեքս հոլդինգը» և մյուս սուպերմարկետները պետք է իրացնեն միայն գյուղմթերքը և վճարեն 5 %՝ 20 տոկոսի փոխարեն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ Ալեքսանյանի «Երևան սիթիներում» գյուղմթերքից բացի, ԱՁ-ների միջոցով իրացվել է բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, հարցը կտրուկ է դրվել՝ բացի գյուղմթերքից, ոչինչ չպետք է իրացնել պայմանավորված տոկոսով:
Այս առնչությամբ ՊԵԿ լրատվականից մեզ հայտնեցին, որ «դաշտի խնդիրների կարգավորման հարցի շուրջ ՊԵԿ-ը քննարկումներ է ունենում գործարարների հետ: Հարցը դրված է այնպես, որ գտնվեն այնպիսի լուծումներ, որ բիզնես գործընթացը կազմակերպվի բացառապես օրենքի տառին համապատասխան»:

Այսինքն, ըստ ՊԵԿ-ի, ոչ միայն «Երևան սիթիի», այլ ցանցային առևտրով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
Կայքի տեղեկություններով, խնդրի կարգավորման համար շուտով հարկային օրենսդրությունը նոր փոփոխությունների կենթարկվի:
Նյութը՝ սկզբնաղբյուրում


