BlogNews.am-ը գրում է. Հայ հեռուստադիտողին Մեգգի Գրիգորյանը հայտնի դարձավ «Կտակով թագուհին» բազմասերիանոց հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր դերակատարուհուն: Սերիալն արդեն ավարտվել է, և դերասանուհին որոշ ժամանակով բնակություն է հաստատել ծնողների մոտ: BlogNews.am-ի հետ զրույցում Մեգգին պատմել է ընտանիքի կողմից ստացած անակնալ նվերի, նոր առաջարկների և ընտանիք կազմելու ցանկության մասին.
«Սերիալի ավարտից հետո եկա նախ Կալինինգրադ, ուր բնակվում են ծնողներս և եղբայրս, ապա երկու ամիս գործի բերումով անցկացրի հայրենիքում: Այդ ընթացքում, ինչ խոսք, եղան բազում առաջարկներ Միացյալ Նահանգներից, սակայն թղթաբանության հետ կատակել չի կարելի, և ես ստիպված եղա հրաժարվել բոլոր առաջարկներից և զբաղվել թղթաբանական հարցերով: Բայց վստահ եմ, երբ վերադառնամ ԱՄՆ, կրկին կունենամ նոր առաջարկներ և ծրագրեր, քանզի պրոդյուսերներիս, ռեժիսորներիս և գործընկերներիս հետ կապն անքակտելի է»:
«Կտակով թագուհին» հեռուստասերիալը Մեգգիի առաջին դերասանական փորձը չէր, սակայն ինչպես նա է ասում՝ բավական լուրջ և պատասխանատու դերով էր հանդես գալիս. «Բազմիցս եմ նշել, որ ես դերասանուհի չեմ, և ինձ համար մինչև հիմա էլ հանելուկ է մնացել, թե ինչու ինձ ընտրեցին այս դերի համար: Երբ ստացա առաջարկ և տեսա այն դերասանների անունները, ում կողքին պիտի հանդես գամ, պարզապես անշարժացա: Բայց կողքիս գտնվող և իմ ուժերին հավատացող հարազատների և ընկերների դրդմամբ համաձայնեցի իմ ուսերին վերցնել այս մեծ պատասխանատվությունը»,-խոստովանում է դերասանուհին և անկեղծանում, որ շատ էր վախենում գնահատականից, հատկապես անառողջ քննադատություններից. «Հետո պարզապես հասկացա, որ դրանից պրծում չկա, իսկ փորձն այս պարագայում փորձանք չի բերի, և ես այդ քայլին գնացի իմ «դերասանական» փորձի զարգացման և էքսպերիմենտի համար: Ցավոք, սերիալային փորձս ինձ մի պահ մոռացնել տվեց հաղորդավարական իմ գործունեության մասին: Ինչպես գիտեք՝ այն շատ ժամանակ է պահանջում, և ես պարզապես ֆիզիկապես չէի հասցնում, բայց հիմա նպատակս մեկն է՝ վերադառնալ հաղորդավարության իմ աշխատանքին, քանզի այն ավելի իմն է»:
Մեգգին այժմ բնակվում է ծնողների մոտ՝ Կալինինգրադում, իսկ վերջերս էլ նրանից անակնկալ նվեր է ստացել. «Երբ եկա Նահանգներից իրենց տեսնելու, պարզվեց, որ հայրիկս իր ատամնաբուժական կլինիկային կից դիմահարդարման ստուդիա է բացել։ Ինքներդ եք հասկանում, որ ես այդ շռայլ նվերն անտեսել չէի կարող և պարտավոր եղա որոշ ժամանակ մնալ այստեղ և աշխատացնել այն: ԱՄՆ չվերադառնալս անհնար է, քանի որ իմ առօրյան այնտեղ է: Ես ինձ այնտեղ եմ լավ զգում և կարծում եմ՝ այլևս ոչ մի երկրում չեմ կարողանա ապրել»: Խոսելով հայրիկի մասին՝ արդեն բիզնես լեդին նշում է, որ հայրն իր կախարդական փայտիկն է դարձել. «Երբ ես հանկարծ բարձրաձայն ինչ-որ բանի մասին եմ մտածում, նա շատ արագ իրականացնում է, և քանի որ ընտանիքս բնակվում է Կալինինգրադում, հայրս իր հնարավորությունների չափով իրականացրել է իմ երազանքը հենց այնտեղ։ Եթե ես խելացի գտնվեմ, ապա կկարողանամ, բնակվելով ԱՄՆ-ում, հենց այնտեղ էլ կառավարել բոլոր գործերս»:
Իրականում Մեգգին լավ հասկանում է, որ բիզնես կառավարելը բավականին մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց կարծում է, որ եթե հետևի մտավախություններին, ապա պիտի այս կյանքում ոչինչ չանի. «Նման հարցերում կարևոր է գործի դնել համարձակությունը, մի քիչ էլ հաջողություն է պետք: Ինչպես ասում են՝ ով ռիսկի չի գնում, նա չի խմում շամպայն: Իսկ մենք ռիսկի դիմեցինք և բացման օրը վայելեցինք շատ համեղ շամպայն: Ես բառեր չունեմ նրանց շնորհակալություն հայտնելու համար: Միայն մի բան կասեմ, որ յուրաքանչյուր մարդ կերազի ունենալ իմ ծնողների նման գանձեր»:
Միշտ բարեկեցիկ կյանքին սովոր դերասանուհին, միևնույն է, անընդհատ ձգտել է ինքնուրույն գումար վաստակել. «Ես առաջին կուրսից սկսել եմ աշխատել: Ճիշտ է, աշխատածս շատ չնչին գումար էր, բայց ինձ ինքնավստահ էի զգում, երբ կարողանում էի գոնե նվազագույն կարիքներս հոգալ, և այդ օրվանից սկսած՝ երազել եմ ֆինանսապես անկախ լինել բոլորից: Միացյալ Նահանգներ ոտք դնելուս առաջին իսկ օրվանից աշխատել եմ անկախ լինելու համար, և, փառք Աստծո, ուսումս, ձգտումս և աշխատասիրությունս ապարդյուն չէին։ Այսօր հպարտ կարող եմ ասել, որ, այո՛, ես ինձ ֆինանսապես ազատ մարդ եմ համարում»:
Դերասանուհին նշում է, որ չի վախենում էքսպերիմենտներից, նա միշտ ձգտում է ավելիին հասնել, կանգ չի առնում, իսկ երբ մի օր դադարի ձգտել, կհամարի, որ կյանքն ավարտված է. «Ես երբեք ոչինչ չեմ անում որևէ մեկին որևէ բան ապացուցելու համար: Դա պարզապես իմ տեսակն է: Միշտ նորություն եմ փնտրում և շատ շուտ հոգնում եմ ամեն ինչից: Նպատակներս և հետագա պլաններս շատ-շատ են, որոնք ես դեռ պիտի իրագործեմ»: Մեգգին խոստացավ, որ իր նորությունների մասին առաջինը BlogNews-ին կտեղեկացնի։
Մեգգի համար անձնական կյանքը փակ թեմա է, ինչպես նա է ասում՝ դա իրեն է. «Երբ մարդ որոշ չափով հայտնի է դառնում և լինում հանրության ուշադրության կենտրոնում, մի տեսակ կորցնում է իր անհասանելիությունը, գաղտնիությունը: Եթե նկատել եք, ես երբեք ոչ մի հարցազրույցի ժամանակ չեմ խոսում իմ անձնականից»: Ու թեպետ Մեգգին չի խոսում այդ մասին, բայց կիսվում է մեզ հետ իր ընտանեկան մոդելով. «Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես նույնպես երազում եմ առողջ ընտանիքի և երեխաների մասին: Իմ երազած ընտանիքը պետք է հենված լինի ուժեղ և իսկական տղամարդու ամուր թիկունքի վրա, չնայած այսօր շատ բարդ է իսկսկան տղամարդ գտնելը։ Իմ ընտանիքում պետք է իշխի սերը, հարգանքը, փոխհասկացությունը, գնահատանքն իրար հանդեպ, իսկ տանս պատերը պետք է դղրդան ձագուկներիս ուրախ ճիչերից»: