Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա նիստի սկզբում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի կալանքի միջնորդությունը եւ հանել տեսակցությունների արգելքը եւ հանել գույքի վրա դրված արգելքը: Դատավորը նշեց, որ միջնորդությանը կանդրադառնան այսօրվա նիստի վերջում, քանի որ անկախ խափանման միջոցի ընտրությունից, ամբաստանյալը պարտավոր է ներկա լինել դատական նիստին:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրյալներից որևէ մեկը հանդես չեկավ գործն արագացված ռեժիմով քննելու միջնորդությամբ։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը։
Սամվել Բաբայանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, էս գործը երեք մասից ա, գնացեք գողացողին բռնեք»:
Ուղիղ հեռարձակումը՝ 1in.am-ի


