Blognews.am-ը գրում է. Երաժշտական տարբեր նախագծերի շրջանակներում մենք պարբերաբար տեսնում ենք տաղանդավոր երիտասարդ կատարողների, ովքեր շատ արագ ճանաչում ձեռք բերելուց հետո շատ արագ էլ մոռացվում են, քանի որ նախագծերից հետո նորություններ չեն ներկայացնում։ Ոմանք միջոցներ չունեն, ոմանք սպասում են ինչ-որ մեկի աջակցությանը, ոմանք էլ նախընտրում են աշխատել, սակայն հիմնականում գործունեություն են ծավալում ակումբներում, ինչը լայն հասարակությանը հասանելի չի լինում։ Այս անգամ գնացել ենք «Հայաստանի ձայնը 3» նախագծի ֆինալիստների հետքերով և պարզել, թե նրանցից ով ինչ գործունեություն է ծավալում հիմա։
Ռաիսա Ավանեսյան, թիմ Սոնա, նախագծի հաղթող
Ռաիսան «Հայաստանի ձայնի» ավարտից հետո մեկնել էր Թեհրան, սակայն Սոնայի հորդորներով վերադարձել է Հայաստան։ Վերջինիս աջակցությամբ նա այժմ աշխատում է “Imagine” բենդի հետ՝ որպես մեներգչուհի և պարբերաբար ելույթներ է ունենում երևանյան ակումբներում։ Առաջիկայում էլ պատրաստվում է նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնել։ «Հայ Սուպերսթարից» հետո Ռաիսան անհետացավ ասպարեզից, սակայն խոստանում է, որ այս անգամ այդպես չի լինի, քանի որ հիմա Սոնան իր կողքին է։
Վահե Ալեքսանյան, թիմ Եվա Ռիվաս
Վահեն ևս ասաց, որ պատրաստվում է ներկայացնել իր առաջին տեսահոլովակ ՝ «Չի թողնում տխրեմ» երգի հիման վրա։ Նրա փոխանցմամբ՝ ռիթմիկ երգ է, սակայն ոչ 6/8 ձևաչափում։ Վահեն նշեց նաև, որ աշխատում է երևանյան ռեստորաներից երկուսում, ինչպես նաև բացել է ձայնագրման իր ստուդիան։
Ինչ վերաբերում է «Հայաստանի ձայնի» ավարտից հետո Եվայի հետ կապի մեջ լինելուն, նրանից մասնագիտական խորհուրդներ և օգնություն ստանալուն՝ Վահեն ասաց, որ իրենք ընկերական շփում ունեն, սակայն համագործակցություն չի եղել։ «Եվան ծրագրեր ունի իր թիմի անդամների հետ համագործակցելու մասով, սակայն գործնական կոնկրետ համագործակցություն չի եղել»,- ասաց երիտասարդ երգիչը։
Լիլիթ Ավանեսյան, թիմ Արմեն Մարտիրոսյան
«Հայաստանի ձայնի» ավարտից հետո Լիլիթը բավականին պասիվ է։ Նախագծից հետո նա Երևանում առաջին անգամ ելույթ է ունեցել նախորդ ամիս՝ Ջազզվեում «Հայաստանի ձայնի» մասնակիցների համերգի ժամանակ։ Լիլիթը նշեց, որ հաճախ է համերգներ ունենում Արցախում։ «Հետագայում ցանկանում եմ երգ և տեսահոլովսկ ներկայացնել, սակայն այս պահին հստակ ոչինչ չկա»,- ասաց նա։
Լիլիթից տեղեկացանք, որ իր մարզչի՝ Արմեն Մարտիրոսյանի հետ գործնական կապ չունի։ Հարցին՝ իր կողմից մասնագիտական աջակցություն ստացե՞լ է նախագծից հետո, Լիլիթը պատասխանեց. «Դեռ չեմ ուզում իրեն անհանգստացնել»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում