▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է պարզաբանում դպրոցի տնօրենը` աշակերտների ինքնասպանության փորձի աղմկահարույց դեպքի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի բակում 2 աշակերտներ ինքնասպանության փորձ են կատարել: Ըստ նախնական վարկածի` պատճառը եղել է այն, որ  տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: Այս առիթով պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը զրուցել է դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանի հետ:

«Տղան 2014 թվականին ավարտել է համար 136 դպրոցի 9-րդ դասարանը, երկու տարի դպրոց չի հաճախել և չի դիմել որևէ կրթական հաստատություն: 2016 թվականի աշնանը հայրը բերել է ինձ մոտ և խնդրել ընդունել դպրոց: Սահմանված կարգով ընդունել եմ 10-րդ դասարան, թեկուզ ինքը հիմա պիտի լիներ 12-րդ դասարանում: Ապահովել ենք դասագրքերով, որոնց դիմաց, բնականաբար, պետք է վճարել: Ուրբաթ օրը դասղեկը զգուշացրել է տղային, որ հորը տեղեկացնի, որ տարին վերջանում է արդեն, և պետք  է դասագրքերի գումարը վճարել: Տղան աչքի է ընկնում իր վատ վարքագծով, ինչի համար դասղեկը ուրբաթ օրը նրան ինձ մոտ բերեց: Ես նրա հետ դասագրքերի գումարի մասին անգամ չեմ խոսել, պարզապես ասել եմ, որ հոր հետ գա: Ես նման դեպքերում անմիջապես զանգահարում եմ ծնողին, սակայն նրա հայրը մարզում է  աշխատում, և հեռախոսահամարը անհասանելի էր: Դրանից մեկ ժամ հետո մեր դպրոցի տեսուչ ոստիկանը զանգում է,որ բուժկետ գնամ: Գնում եմ տեսնում` տղան ձեռքերը խազխզել է, ընդ որում՝ ոչ թե երակի կողմից, այլ դրսի»,-մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնեց տնօրենը:

Վերջինս նշեց, որ անըդհատ շահարկվում է այն թեման, որ ինքը դասագրքերի գումարը, որը կազմում է 5800 դրամ, երեխայից պահանջել է ամբողջ դասարանի առաջ.

«Ես երբեք երեխաների հետ գումարի մասին չեմ խոսում: Երեխան ինձ համար թիվ մեկ արժեք է:  Ես կարծում եմ, որ հայրը տվել է այդ գումաը իրեն, փոխանակ ինքը բերի դպրոց, ըստ երեւույթին ծախսել է, և նման քայլի է դիմել, որ ծնողը չգա դպրոց, որ այդ հարցը մենք լուծենք: Նշեմ, որ տղայի ծնողներն ամուսնալուծված են, և նա ապրում է հոր հետ», -նշեց տնօրենն ու հավելեց, որ արդեն խոսել է տղայի հոր հետ, ով խնդրել է ոչինչ դեռ չձեռնարկել, մինչ որ վաղը ինքը գա դպրոց:

Մեր այն հարցին`  թե 11-րդ դասարանցի աշակերտը, որը նույնպես վնասել է իրեն, ինչ կապ ունի այս ամենի հետ, պրն. Էլոյանը նշեց.

«Նա նույնիսկ այդ օրը դպրոց էլ չի մտել, եկել, փողոցում տեսել է ընկերոջը, ինչ են մտածել, ինչ են որոշել, չգիտեմ: Հետո ոստիկանությունում ասել է, թե սիրահարված է: Համենայնդեպս, դա վարձավճարի հետ կապ չունի: Նա համար 30 ավագ դպրոցում էր սովորում: Այնտեղ վատ է պահել իրեն, ծեծկռտուքներ է սարքել, տնօրենը առաջարկել է տեղափոխել աշակերտին՝ այն ակնկալիքով, որ գուցե միջավայրի փոփոխությունը տղայի վրա դրական ազդեցություն ունենա: Նշեմ, որ երեխան նմանատիպ խազեր էլի ունի ձեռքի վրա: Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել նրա ծնողների հետ և այսօր էլ պետք է հանդիպենք ` հասկանալու համար, թե իրականում որն է  իրենց որդու նման քայլի պատճառը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը: 

Վերջինս հույս հայտնեց, որ այս պարզաբանումներից հետո իրավիճակը կշտկվի, և այս միջադեպի` դպրոցի հեղինակության վրա ունեցած բացասական ազդեցությունը կանցնի: 

Հավելենք, որ ավելի վաղ տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն` ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее