Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երիտասարդ երգիչ Նորայր Մելքոնյանը, ով, բոլորովին վերջերս ասպարեզում հայտնվելով, իրար հետեւից ներկայացրեց «Հավատայիր», «Վայ-վայ», «Փոթորիկ», «Ոնց-ոնց» տեսահոլովակները եւ հասցրեց սիրվել ու ճանաչում ձեռք բերել:
Նորայր, դուք ժամանակակից հայկական շոու բիզնեսի երիտասարդ կատարողներից եք: Կցանկանայի պատմել այս ասպարեզ ձեր մուտքի մասին: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, կամ գուցե կա՞ն դժվարություններ, որոնք դեռ հաղթահարում եք:
Քանի որ ես մեծ հասակում չեմ որոշել երգով զբաղվել, այլ երգում եմ դեռ շատ փոքր տարիքից, հետեւաբար շրջապատիս եւ ինձ համար անսպասելի չէր շոու բիզնես իմ մուտքը: Ինչ վերաբերում է դժվարություններին՝ դրանք շատ են եւ հանդիպում են ամեն քայլափոխին, բայց որեւէ բան հեշտությամբ ձեռք բերելու փոխարեն, ես սիրում եմ հաղթահարել դժվարությունները, հատկապես, որ ես մենակ չեմ եւ խոչընդոտները հաղթահարելու հարցում ինձ օգնում են իսկապես պրոֆեսիոնալ մարդիկ՝ ի դեմս Կարենի եւ Սեւակի՝ «Karen-Sevak music» փրոդաքշենի, ովքեր իմ պրոդյուսերներն են, նրանց փորձառությունը ինձ անընդհատ պետք է գալիս:
Նորայր, կարճ ժամանակահատված եւ թվով մի քանի տեսահոլովակներ, ինչպե՞ս եք կարողանում պահպանել այս տեմպը, ի՞նչ միջոցներով:
Ես աշխատում եմ իմ մասնագիտությամբ եւ ոչ միայն, ու հենց իմ աշխատած միջոցներով նկարահանում եմ տեսահոլովակներս:
Ձեր երգերը պատմում են սիրո մասին. այս բովանդակությամբ երգեր ընտրելու դիտավորությունը ո՞րն է, մտածում եք, որ դա է այսօրվա պահանջարկը, թե պարզապես դա այն թեման է, որն արդիական է միշտ:
Երգերի ընտրության ժամանակ ես առաջինը լսում եմ սրտիս ձայնին իհարկե, նաեւ կարեւորելով այսօրվա պահանջարկը եւ տենդենցները, բայց միայն պահանջարկին հետեւելով չեմ երգի այն երգը, որն ինձ հարազատ չէ:
Հետաքրքիր է՝ սիրո մասին Ձեր երգերի մեջ ինքներդ Ձեզ տեսնո՞ւմ եք: Գուցե դրանք ինչ-որ մեկին են նվիրված:
Հազվադեպ դեպքերում երգերս ունեցել են կոնկրետ հասցեատեր, ուղղված են եղել կոնկրետ մարդու, բայց մնացած բոլոր դեպքերում դրանք ոչ մի կապ չունեն իմ անձնական կյանքի հետ:
Ունե՞ք սիրելի, եւ եթե չունեք, ապա ինչպիսին եք նրան պատկերացնում:
Ընկերուհի չունեմ, բայց ունեմ որոշ նախասիրություններ աղջիկների արտաքին տեսքի եւ բնավորության գծերի հետ կապված, սակայն հնարավոր է սիրեմ այնպիսի մեկին, ով իր տեսակով իմ պատկերացումների մեջ չի եղել:
Երիտասարդ կատարողներից շատերը մասնակցում են մեր օրերում շատ արդիական տարբեր հեռուստատեսային մրցույթների, երբեւէ մտածե՞լ եք նման ծրագրերի միջոցով եւս ներկայացնել Ձեր հնարավորությունները:
Իմ տեսակի մարդուն կարծես թե այդքան էլ բնորոշ չէ մրցակցությունը, այն էլ երգի մեջ: Այդպիսի մրցույթներում միշտ կարեւորվում է ժյուրի եւ ժողովրդի ձայնը, իսկ ես վերջինը ավելի եմ կարեւորում, իհարկե, ունենալով հարգանք նաեւ երաժշտական մրցույթների ժյուրիի անդամների նկատմամբ:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում