Blognews.am-ը գրում է, որ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի՝ մի քանի ամսով Հայաստանում գտնվելու մասին պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ նրա հետ խոսել ենք ինչպես ամառային հանգստի, սպասվելիք նորությունների, այնպես էլ անդադար հնչող քննադատությունների մասին, ըստ որոնց՝ նա ապրում է աներոջ փողերով:
-Ալեքսանդր, մի քանի ամսով Հայաստանում ես, սակայն կրկին քեզ չենք տեսնում էկրաններին։ Այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են, կներկայանա՞ս նոր նախագծերում:
-Սերիալներից եղել են առաջարկներ, սակայն մերժել եմ, քանի որ սերիալները սկզբում էին ավելի մեծ մասսայականություն վայելում։ Այդ թեման արդեն արդի չէ։ Ես մի քանի ամսով եմ էստեղ և չեմ ցանկանում կարճատև ինչ-որ դերով ներկայանալ սերիալներում։ Առաջարկներ կան գեղարվեստական ֆիլմերից։ Անահիտ Մութաֆյանն առաջարկեց նկարահանվել նոր կատակերգությունում, սակայն մերժեցի, քանի որ հիմա շաբաթը մեկ կոմեդիա են նկարահանում, սակայն դրանք հիմնականում ծամածռություններ են լինում:
Ելենա Արշակյանն առաջարկել է նկարահանվել իր պատմական ֆիլմում, եթե բյուջեն հաստատվի, հաստատ կնկարահանվեմ այդ ֆիլմում։ Առաջարկ եմ ստացել նկարահանվել նաև մելոդրամայում, որում պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսին։ Հավանաբար այդ առաջարկն էլ կընդունեմ։ Առաջարկ կա նաև Հ2 հեռուստաալիքից, սակայն դա դեռ վերջնական չենք քննարկել:
-Հոնորարներդ բա՞րձր են:
Ես ամեն բան անում եմ սիրով, ոչ թե հոնորարի համար, սակայն արածդ աշխատանքի դիմաց պետք է վարձատրվես։ Չգիտեմ՝ որ դերասանը որքան գումար է ստանում, ես ենթադրում եմ, որ իմ հոնորարները միջին չափի են:
-Քեզ բավարարո՞ւմ են այդ հոնորարները, կարո՞ղ էիր դրանցով ապրել:
-Իհարկե ոչ։ Երբ ես նկարահանվում էի սերիալներում, բավականին բարձր էի վարձատրվում, սակայն նույնիսկ դա ինձ չէր բավարարում։ Եթե այն ժամանակ չլիներ անշարժ գույքի իմ բիզնեսը, որով ես 9 տարի զբաղվում էի, հաստատ դա չէր հերիքի:
Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում տնտեսում են, և մարդիկ, ովքեր սիրում են ապրել՝ լավ հագնվել, լավ վայրեր գնալ. կյանքն ապրելու վրա են գումար ծախսում, ոչ թե դիտելու։ Ես ինչքան շատ եմ աշխատում, այնքան շատ եմ ծախսում։ Տասը տարի առաջ ինձ բավարարում էր «x» գումարը, հիմա դա չի կարող ինձ բավարարել:
-Այսինքն՝ հիմա ավելի շատ ես աշխատում, քան տասը տարի առա՞ջ:
-Դե իհարկե։ Այն ժամանակ ես 23 տարեկան էի։ Այն ժամանակ բավականին դժվար էր աշխատել ու լավ վաստակել:
-Շատերը քո այժմյան ֆինանսական կայունությունը կապում են կնոջդ՝ Լիլիթի ընտանիքի ապահովվածության հետ:
-Շատ սխալ են անում, որովհետև ես մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած եմ, մինչդեռ մոտ 7 տարի է՝ գրեթե բոլոր սերիալներում նկարահանվել են իմ մեքենաները՝ սկսած «Որբերից» ու «Որոգայթից»։ Ես դեռ ամուսնացած չէի, ունեի 4 թանկարժեք մեքենա, բնակարան կենտրոնում, որտեղ նկարահանվում էր «Yere1»-ը:
Ես շնորհակալ եմ կնոջս ծնողներին, որ ինձ տվել են ամեն ինչ՝ մի մարդու տեսքով, տվել են հրաշալի և գեղեցիկ, պատկառելի և հավատարիմ կին, հոգատար ու նվիրված մայր՝ ի տարբերություն չարախոսների, ովքեր երբեք չեն հասկանա, թե դա ինչ է:
-Ըստ քեզ՝ ինչո՞ւ մարդիկ չեն հավատում քո անկեղծ ամուսնությանը, անընդհատ շարունակվում են խոսակցությունները, որ դու ամուսնացել ես հանուն գումարի, ձեր ընտանիքը կնոջդ հայրիկի փողերով է ապրում:
- Ինձ ճանաչողները վստահ են, որ նման բան չի կարող լինել։ Իմ ինքնասիրությունն ինձ համար ամեն ինչից վեր է։ Ինչպե՞ս են մարդիկ պատկերացնում, որ Լիլիթի ծնողը, օրինակի համար, ինձ ասի՝ տղա ջան, արի ես քեզ համար կոստյում կամ կնոջդ ներքնազգեստ առնեմ, կամ վերցրու այս 1000 դոլարը, ծախսիր:
Նույնիսկ երբ ես մեքենայում սպասել եմ, աներս մտել է խանութ, ես երբեք ինձ թույլ չեմ տվել ասել՝ ինձ համար էլ այսինչ բանը բեր։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է աներոջս հետ ընկերություն անեմ, բայց մենք ընկերներ ենք, որովհետև նա կյանքի մարդ է, հետաքրքիր, մեծ շրջապատով անձնավորություն, ում հետ ընկերություն անելն ինձ համար մեծ պատիվ է:
Նրանց կողմից որպես նվեր եղել է բնակարան՝ հարսանիքիս կապակցությամբ. մենք 2 բնակարան ենք նվեր ստացել՝ մեկն իմ ծնողների կողմից, մյուսը՝ Լիլիթի, իսկ գումարային աջակցության մասին խոսելը ծիծաղելի է:
Եթե ինչ-որ մեկն իմ դիմացը կանգնի, նման բան ասի, 15 վայրկյան հետո հաշմանդամ կդառնա, սակայն չեմ ուզում ընկնել ինտերնետային մարդկանց հետևից։ Ես ծնվել, մեծացել եմ կենտրոնում, ամբողջ օրը կենտրոնում եմ լինում, եթե ինչ-որ մեկն ունի ինքնասիրություն, իր խոսքն այդքան արժեք ունի, շատ հանգիստ կարող է գալ, ինձ ասել դա, ոչ թե մեկնաբանություն գրել։ Ես կարող եմ գտնել այդ մեկնաբանությունը գրողներին, մի զանգով կարող եմ ճշտել, թե այդ մարդն այդ պահին որտեղ է, ուղղակի իմ ամբողջ ժամանակը պիտի տրամադրեմ սրա-նրա ոտքերը ջարդելուն։ Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ:
Չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց Շիրազի խոսքերը պիտի ասեմ՝ մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում