ԱԺ նիստի մեկնարկին Լենա Նազարյանը հայտարարեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես նշեց, որ թեման շատ զգայուն է և առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին և, նրանց անվտանգությունից ելնելով, «Իմ քայլի» պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումն անցկացվի փակ:
Արձագանքելով Մակունցին՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով հայրենակիցներին, ասաց.
«Մենք նախաձեռնել ենք ռազմագերիների հարցով քննարկում և վերջում ուղերձի ընդունում, որն իրենից ներկայացնում է քաղաքական նկատառում չունեցող տեքստ: Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումն ԱԺ խորհրդի նիստում, սակայն պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել և այն պարտադիր պիտի քննարկվի: Նրանք չեն ուզել, որ այս թեմայով ելույթներ ունենանք: Երբ հասկացել են, որ անպայման պիտի քննարկվի, որոշել են փակ անցկացնել քննարկումը»:
Էդմոն Մարուքյանը հարցի փակ քննարկումը համարեց անիմաստ և պատգամավորներին կոչ արեց ձեռնպահ մնալ քննարկումը փակ անցկացնելու նախաձեռնությունից:
Մարուքյանը վստահեցրեց, որ պատգամավորներն իրենց ելույթներն այնպես կկազմակերպեն, որ որևէ ձևով չի վտանգի ռազմագերիներին:
Ավելի ուշ, ԱԺ-ն ընդունեց գերիների մասին հարցը փակ քննարկելու մասին որոշումը։