▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ Գյումրի, կորուստի վերքերդ խորն են, Սրբազանդ էլ բանտարկված»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամ Ռուբեն Մխիթարյանը բանաստեղծությամբ է շնորհավորել Գյումրու օրը․
«էսօր իմ Գյումրի, քո օրն է
Բայց հոգիդ է փոթորկված
Կորուստի վերքերդ խորն է,
Սրբազանդ էլ բանտարկված։
Շուշիում զոհվան որդիքդ՝
Թշնամուց ռմբահարված,
Եսօր ծանր է սիրտդ, միտքդ,
Սրբազանդ էլ բանտարկված։
Սակայն ինչ էլ խիղճդ տանջե,
Չես դառնա հուսալքված,
Քու համար Աստված կկանչէ,
Սրբազանդ բանտարկված։
Երգե, պարե, ուրախացի,
Իմ հայրաքաղաք սիրված,
Բայց հոդուդ մեջ մի մոռացի՝
Զոհված ունիս ու բանտարկված»։

***

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել քաղաքի օրվա առթիվ.

«Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է:

Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը:
Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով:

Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում:Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե:
Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 օր առաջ գործընկերներիցս մեկի հետ խոսում էինք Միքայել Սրբազանի մասին ու ոչ մի կերպ չէի համաձայնվում, որ սպասվելիք վճռով նրան երկար ժամանակով ազատությունից կզրկեին:
Ճիշտ է` որևէ մեկս օդից չենք իջել և փաշինյանական այսօրվա իրականությունը լավ գիտենք, բայց ես կարծում էի, որ կա՛մ պայմանական կտան, կա՛մ փոքր ժամկետով կազատազրկեն:
Մարդկային ողբերգություն է պատկերացնել այն դատավորի, դատախազի, քննիչի հոգեվիճակը, ովքեր կարող էին այսպիսի պատկեր ստեղծել:
Սրբազանի մասով հանգիստ եմ` խնդիր չունի նստելու, ես մտածում եմ ստեղծվող վատ նախադեպի, Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին»:

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միքայել Սրբազանի հետ տեղի ունեցածը դասական աստվածաշնչյան պատմություններից է, որտեղ կա անորմալ Հերովդեսը, փարիսեացիները, Հուդան և ձեռքերը լվացած Պիղատոսը: Մարդ ա իրա բաժնով ու դերով:
Համբերություն Սրբազանին ու առողջություն:
Բանտարկության մեջ ինքը մնում է ավելի ազատ, քան իրեն բանտարկած Մելիքսետյանուհին:
Ավելի ամուր քան խուցի ճաղավանդակները:
Սրանք տենց էլ չհասկացան, ինչ է հավատքը, ինչն է քրիստոնեությունը, ու ինչն է իրական վեհությունը:
Աստված ջան, չներես սրանց, որովհետև իմանալով են արել»։

***

ՀԱԿ-ը՝ Միքայել Սրբազանի դատավճռի մասին․ «Հոկտեմբերի 3-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։
Տեղի ունեցողը մաս է կազմում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր վերնախավի դեմ իշխանությունների սանձազերծած ապօրինությունների։ Այն միտված է խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակմանը և լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին։
Այս փաստը հաստատում է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2024 թվականին դատախազությունն ու ԱԱԾ-ն Միքայել արքեպիսկոպոսի հայտարարություններում քրեական հանցագործության տարրեր չէին տեսել և մերժել էին քրեական վարույթ հարուցելու միջնորդությունները։
Սակայն մեկ տարի անց այդ արքեպիսկոպոսի դեմ քրեական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ արշավ սկսեց Եկեղեցու դեմ։ Սա վկայում է, որ Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է։
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար։
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու դատարանի կայացրած դատավճիռը։
Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ ներպետական ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Կոնգրեսն, ըստ այդմ, պահանջում է ազատ արձակել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին»։

***

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միքայել Սրբազանի դատավճռից հետո շատերն արտահայտեցին իրենց վրդովմունքը, զայրույթը, կատաղութունը, ատելությունը:
Դրանց մի մասն անկեղծ էր, հոգու ճիչ, որդիական կարոտի ձայն:
Մյուս մասը նախապես պատրաստված, մանրամասն մշակված ամեն տառ ու բառն ընտրված տեքստեր էին՝ տեքստեր, որոնք կազմվում են մինչև դատավճիռը:
Հասկանո՞ւմ եք, կան մարդիկ, ովքեր իրենց ստատուսները պատրաստում են մինչև դատավճիռը, հանգիստ խղճով սպասում դատավճռին ու դրանից անմիջապես հետո հանրությանը ներկայացնում իրենց կեղծ հույզերը::
Հասկանո՞ւմ եք, այս մարդիկ ոչինչ չեն արել, որ Միքայել Սրբազանը չդատապարտվի, այս մարդիկ զբաղված են եղել, կարևոր գործ են արել, ստատուս են պատրաստել:
Այս մարդիկ ավելի վատն են քան Սրբազաններ դատող, զոհվածի ծնող դատող, բարերար դատող դատավորները:
Դատավորները հուդա չեն, որովհետև երբևէ չեն եղել Սրբազանի կողքին, հետևաբար չէին կարող դավաճանել նրան:
Հուդան դուք եք, միայն դուք ու ձեր մասին է խոսել Տերը:
Դուք Սրբազանին չեք դավաճանել, դուք հենց Հիսուս Քրիստոսին եք դավաճանել:
Հիմա կկարդաք ու կասեք, որ համաձայն չեք, քանզի 30 արծաթ չեք ստացել: Ստացել եք: Ձեր վարձը ձեր քռչոտ ստատուսների տակ դրվող լայք ու քոմենթներն են եղել»:

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես դեմ եմ, երբ եկեղեցին միջամտում է քաղաքականությանը, ինչպես դեմ եմ, երբ իշխանությունը ներխուժում է Մայր Աթոռ:
Լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, կնքված մարդ՝ շատ հարցերում համաձայն չեմ մեր հոգևոր հայրերի հետ, անընդունելի եմ համարում նրանց շատ տեսակետներ ու բառապաշար:
Բազմիցս գրել եմ, որ թեմի առաջնորդը չի կարող հավակնել վարչապետի աթոռին, ճիշտ այնպես, ինչպես վարչապետը չի կարող աչք ունենալ կաթողիկոսական գահին:
Այս ամենով հանդերձ, ես համարում եմ, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը խղճի բանտարկյալ է:
1991 թվականից ի վեր հոգեվարքի մեջ գտնվող հայկական արդարադատությունը մի նոր մահացու հարված ստացավ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее