▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ և երկրիս հարաբերությունները ժամ առ ժամ փչանում էին. Դերասանը՝ Հայաստանից հեռանալու մասին


Aysor.am-ը գրում է, որ Արարատ Խառատյանին հեռուստադիտողը ժամանակին հաճախ էր հանդիպում բազմաբնույթ հեռուստանախագծերում, սերիալներում և ֆիլմերում:

Սակայն վերջին շրջանում դերասանը մասնագիտական լռություն է պահպանում: Մեր հետաքրքրվածությանն ի պատասխան՝ վերջինս պարզաբանեց, որ այժմ Հայաստանում չի բնակվում և զբաղվում է գրասենյակային աշխատանքով, թեև, մասնագիական լռության պատճառը միայն դա չէ:

«Իսկապես, հույս ունեմ, որ լռությունս ժամանակավոր է… Լռում եմ, քանի որ ասելու բան չկա, իսկ այն, ինչ ուզում եմ, եթերում ասելու չի: Ասեմ, որ շուտով երկու տարին կլրանա, ինչ հեռացել եմ Հայաստանից և ապրում եմ Ուկրաինայի Խարկով քաղաքում: Հեռանալուս պատճառն այն էր, որ իմ և իմ երկրի հարաբերությունները ժամ առ ժամ փչանում էին և ես ոչ մի կերպ չէի կարողանում շտկել իրավիճակը: Մոտավորապես 4 տարի փորձեցի, բայց ոչինչ չստացվեց… Մտածեցի՝ գուցե ես այն քաղաքացին չե՞մ, ով պետք է այսօրվա Հայաստանին: Այդ դեպքում լավագույն տարբերակը հեռանալն էր: Իսկ ի՞նչ պետք է անեի, եթե զգում էի, որ անզոր եմ ինչ-որ բան փոխել: Չէի կարող տանը նստել և Facebook-ով փիլիսոփայել, հեռանալն ավելի ազնիվ էր ու չեմ զղջում որոշմանս համար»,- կայքի հետ զրույցում նշել է դերասանը:

Թե ո՞ր դժվարությունն է, որ դառնում է երիտասարդների հուսալքման և հայրենիքից հեռանալու պատճառ, և արդյոք Արարատը մտածում է երբևէ վերադառնալու մասին, դերասանը պատասխանել է.

«Պատճառները տարբեր են, կդժվարանամ բոլորի փոխարեն պատասխանել: Մեկին օրվա հացի փող է պետք, մյուսի համար դրսում ավելի լայն հորիզոններ են բացվում, մի երրորդն էլ տարրական հետաքրքրասիրությունից դրդված է գնում: Սակայն մի բան հաստատ է՝ մեծամասնությունը հեռանում է խայտառակ վատ տնտեսական վիճակի պատճառով:  Ինչ վերաբերում է վերադառնալուն, ապա, ո՛չ, վերադառնալու պատճառ չեմ տեսնում: Նույնիսկ չեմ կարոտում: Միայն այն ժամանակ եմ կարոտ զգում, երբ հայերեն եմ երգում: Այ այդ պատճառով էլ ինձ զսպում եմ, որ չերգեմ»:

Նոր և հետաքրքիր, եկամտաբեր առաջարկի դեպքում ևս Ա. Խառատյանը հրաժարվում է վերադառնալ.

«Աշխատանքի պատճառով չէ, որ ես հեռացել եմ: Ասեմ ավելին՝ Հայաստանում ավելի շատ գումար էի աշխատում, քան այժմ՝ այստեղ: Այնպես որ, ֆինանսն իմ որոշման հետ ոչ մի կապ չունի»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր  կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее