▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իգլա» ձեռքբերելուց հետո այն Ղարաբաղի բանակին պետք է փոխանցվեր՝ ինչ-որ պաշտոնի դիմաց

 

armtimes.com գրում է. ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս ՍամվելԲաբայանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում պետք է ցուցմունք տար սույն գործի անջատված մասով առանցքային մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հենց նա է «Իգլան» հանձնել ԱԱԾ-ին: Սամվել Բաբայանը սույն գործով նիստերին պարբերաբար պահանջում էր դատարան հրավիրել եւ հարցաքննել այն անձին, ով «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին: Չնայած նրան, որ Հրաչյա Մայիլյանն այսօր ներկայացել էր դատարան, սակայն վերջինս օգտվեց իր լռելու իրավունքից եւ հրաժարվեց ցուցմունք տալ:

Գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմը, թեեւ առարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:

Հրապարակված ցուցմունքներից պարզ դարձավ, որ նախաքննության սկզբում վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, չի կողմնորոշվել, թե ինչ կարգավիճակ տա Հրաչյա Մայիլյանին. վերջինը նախ՝ սույն թվականի մարտի 22-ին հարցաքննվել է որպես կասկածյալ, ապա մարտի 23-ին՝ որպես վկա, իսկ հաջորդ օրը՝ մարտի 24-ին, կրկին որպես կասկածյալ, ապա մի քանի օր անց արդեն մեղադրյալ: Նրա ցուցմունքներում այդպես էլ չհնչեց Սամվել Բաբայան անուն-ազգանունը: Դատարանը նրա ցուցմունքները հրապարակեց մեկ ժամից ավելի:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Մայիլյանի ընկերը՝ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանն է, որին Էջմիածնում դիմում են «Ժորիկ» անունով: Նա է, ըստ Մայիլյանի ցուցմունքի՝ իրեն  խնդրել հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու մասին, քանի որ ինքը Թբիլիսիում ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում․ «Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասեց, որ դա տանելու է Ղարաբաղ եւ տա բանակին, ինչ-որ պաշտոնի նշանակվելու համար, իսկ թե ում է տալու՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան»-ն պետք է եղել Սանասար Գաբրիելյանին»,- պատմել է վկան:

Որպես վկա Մայիլյանը չի հարցաքննվել՝ առողջական խնդիրների պատճառով:

Ապա հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակում: Նա պատմել է, որ հրթիռի համար դիմել է Օթար անունով վրաստանցի ծանոթին, որն ասել է, որ իրենց մոտ նման զենք չկա: «Վերադարձա Էջմիածին եւ Ժորիկին ասացի, որ չկա նման զենք: 2017.թ փետրվարին, ինքնաթիռով գնացել ենք Ուկրաինա, որտեղ Ժորիկը ծանոթներին հարցուփորձ է արել «Իգլա»-ի մասին: Բացասական պատասխան ստանալով՝ վերադարձել ենք Հայաստան: 2017թ. սկզբին ընկերոջս հետ էլի գնացել ենք Թբիլիսի, ցանկանում էինք ձկնաբուծությամբ զբաղվել, Ժորիկն էլ մեր հետ եկավ»,- ասել է մեղադրյալը:  Հրաչյա Մայիլյանը նշել է, որ Արմեն Պողոսյանը՝ նույն Ժորիկը, իրեն ծանոթացրել է Ռոբերտ Աղվանյանի հետ, ով Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին է: Իգլայի հարցով դիմել են Ռոբերտին: Նա էլ ասել է, որ իրեն ուզած զենքը կա, բայց որոշ մասեր բացակայում են:

«Մարտի կեսերին Ռոբերտը եկել է Էջմիածին եւ մեզնից հետաքրքրվել, վերցնելուց ենք արդյո՞ք զենքը, թե՞ ոչ: Հաջորդ օրը Ռոբերտի հետ գնացել ենք Հայթաղ գյուղ, ապա Արշալույս գյուղի դաշտը: Մեքենայից իջնելուց հետո Ռոբերտը մի քանի մետր առաջ է գնացել եւ վերադարձել ձեռքին ինչ-որ առարկայով, որը փաթեթավորված է եղել: Ռոբերտն ասել է, որ սա հենց այն զենքն է, որը փնտրում են: Ես իմ պլանշետով մի քանի կադր եմ նկարել Ժորիկին ցույց տալու համար: Դրանից հետո Ռոբերտը զենքը թողել է նույն տեղում եւ վերադարձել ենք Էջմիածին: Տվել եմ պլանշետը Ժորիկին, որպեսզի վերջինս նկարները ցույց տար ինչ-որ մեկին: Նույն օրը՝ կեսօրին, Ժորիկը վերադարձրել է ինձ պլանշետը ասել, որ լուսանկարները լավ դուրս չեն եկել եւ ոչինչ չի երեւում»,- ասել է Մայիլյանը: Ըստ ցուցմունքի՝ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) խնդրել է Ռոբերտից հետաքրքրվել «Իգլա»-ի գնի մասին: «Գինը 35 հազար ԱՄՆ դոլար էր, այդ մասին հայտնել եմ Ժորիկին եւ ասել, որ զենք ուզողներին ասի, որ Իգլայի արժեքը 40 հազար դոլար է:»:

Հրաչյա Մայիլյանն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ «Իգլա»-ն վերցրել է նույն գյուղի ճանապարհի եզրից, իր մեքենայով տարել իր տուն, այնուհետեւ Արմեն Պողոսյանը եկել է եւ իր պլանշետով նկարել զենքը՝ ՕՐՕ դաշինքի բացիկը զենքի վրա դրած։ Ըստ Հրաչյա Մայիլյանի, որպեսզի «Իգլան» հանկարծ իր տանը վնաս չտա, այն տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր ավտոտնակում: Արմեն Պողոսյանը, սակայն հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում: «Իգլան» այդպես էլ մնացել է Մայիլյանի ավտոտնակում: Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն: Հենց այդ ժամանակ էլ ինքը որոշել է ԱԱԾ աշխատակիցներին հայտնել «Իգլայի» ձեռքբերման մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее