Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:
- Ինչու՞ ենք շտապում և ու՞ր:
-Շտապում ենք չգիտենք` ուր (ծիծաղում է): Շտապում ենք ապրել:
-Ի՞նչը չի հերիքում հայ ժողովրդին, և արդյո՞ք 2017-ը ինքնաբավ տարի էր ընդհանրապես:
-Հայ ժողովրդին առաջին հերթին չի հերիքում թեթևությունը, ուրախությունը: Մեր կյանքը ինքնին ծանր է, ինչ-որ տեղ մենք էլ ենք մեղավոր, ծանրացնում ենք ամեն ինչ: 2017 թվականն առանձնապես չէր տարբերվում 2016-ից կամ օրինակ`2011-ից, մենք շարունակում ենք նույն ծանրությամբ հոգսերն առաջ տանել: Ինքնաբավության մասին դեռ խոսք լինել չի կարող:
-Ի՞նչը կհիշվի , և ի՞նչն արագ կմոռացվի 2017-ից:
-Ցանկացած տհաճ ակնթարթ, այսպես թե այնպես, մոռացվելու է. մարդկային էությունն է այդպիսին, մարդիկ հիմնականում պահում են դրական բաները, մանր ու տհաճ երևույթները մոռացության են մատնում: Կհիշվի 2017-ի դաժան, ցուրտ ու տհաճ ձմեռը, որը շատ երկար տևեց:
-2017-ին ստացած ամանորյա բազմաթիվ բացիկներից, մաղթանքներից ու կենացներից քանի՞սն իրականացան:
- Առանձնապես չեմ կարողանում մտաբերել յուրահատուկ որևէ բան տարվա ընթացքում, բայց, Փառք աստծո, որ առանձնահատուկ վատ բան չի եղել 2017-ին, տհաճ բաներ, իհարկե, եղել են: Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների`2017-ը չի առանձնացել ցավագին իրադարձություններով: Հենց դրա համար էլ կսիրեմ 2017-ը: Համարենք, որ այս մաղթանքն էր, որ իրականացել է:
-Եթե իմանայիք Ձեր հենց այս մաղթանքը իրականություն կդառնա…
Կմաղթեի, որ անփորձանք տարի լինի: