Օգոստոսի 8-ին, ժամը 04:12-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելակս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:02-ին, մարվել՝ 05:27-ին:
Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ գույքը՝ մասամբ:
aravot.am-ի տեղեկություններով, գիշերային ակումբի բաժնետերերից մեկը գյումրեցի երգիչ Գագիկ Մկոյանի որդին է՝ Ժորա Մկոյանը։ Այնտեղ, ըստ գյումրեցիների, հաճախում են ինչպես մարզի բնակիչները, այնպես էլ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողները։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը կայքին փոխանցել է, որ իր հանձնարարությամբ՝ քննիչը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն ՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով։
Ըստ դատախազի այս պահին որպես կասկածյալ ներգրավված անձինք չկան, դեպքի կապակցությամբ բերման ենթարկված անձինք նույնպես։


