▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրամանատարի դեր եմ խաղում, բայց բանակում չեմ ծառայել». Աշոտ Տեր-Մաթևոսյան

blognews.am-ը գրում է. Ամռան տապին, երբ շատերը հանգստի փուլում են, դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ստեղծագործական բուռն գործունեության մեջ է. նա այժմ նկարահանվում է երկու նոր ֆիլմերում։ Առաջինը «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալն է, որում Աշոտը մարմնավորելու է գլխավոր հերոսին։ Այն եթերում կլինի սեպտեմբերից, սակայն մանրամասների մասին խոսել Աշոտն առայժմ չցանկացավ։

Երկրորդ ֆիլմը «Շանթ» հեռուստաընկերության՝ 30 մասից բաղկացած բազմասերիանոց նոր ֆիլմն է, որտեղ Աշոտը ներկայանում է որպես Հայոց բանակի հրամանատար։ «Ֆիլմը ներկայացնում է սահմանին այսօր տիրող իրավիճակը, դիվերսիոն ներթափանցումները։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ որպես հայկական բանակի սպա։ Կերպարը շատ հետաքրքիր է ինձ համար։ Նկարահանումների  համար պետք էր որոշակի պատրաստվածություն՝ զենքի հետ վարվելու փորձ, որն անցել եմ»,- ասաց դերասանն ու խոստովանեց, որ ինքը չի ծառայել բանակում։

Հարցին, որ սա մեզ համար շատ նուրբ թեմա է, ինչը լսարանին ավելի խիստ է դարձնում, ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի ֆիլմից, Աշոտը պատասխանեց, որ ֆիլմի աշխատանքները տարվում են այնպես, ինչպես գեղարվեստական ֆիլմում, և միանշանակ կարող է ասել, որ այն որակյալ է լինելու։

Այս ֆիլմը ևս եթերում կլինի սեպտեմբերին։ Հեռուստադիտողները հաճախ նույնացնում են դերասանի իրական և հեռուստատեսային կերպարները, զուգահեռ երկու կերպարներով ներկայանալը որքանո՞վ կխանգարի գործին, Աշոտն արձագանքեց, որ իր համար սա կարևոր փորձություն է, որը պետք է հաղթահարի. «Պետք է կարողանամ այնպես ներկայացնել կերպարները, որ մարդիկ նայեն ու զգան տարբերությունը։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, տեսնենք՝ ինչպես կստացվի»։

Ամռան այս տապին հանգստի մեկնել Աշոտը չի պատրաստում։ «Հանգստի մասին վաղուց եմ մոտացել։ Այս ամռանն էլ նկարահանումների մեջ եմ լինելու»,- ասաց նա։ Հարցին՝ իսկ բալիկին՝ Մարիին, հասցնո՞ւմ է հաճախ տեսնել, թե՞ ծանրաբեռնվածությունն իր բացասական ազդեցությունն ունենում է հանդիպումների վրա, Աշոտը պատասխանեց, որ, ցավոք, ազդում է։ «Ժամանակի սղության պատճառով ուշ-ուշ ենք հանդիպում»,- ասաց նա ու հավելեց, որ դուստրն իրեն ավելի հաճախ հանդիպելու «պահանջներ» չի ներկայացնում։ «Մինչև հիմա աղջիկս պահանջներ չի ներկայացրել։ Թեև փոքր է, բայց շատ հասկացող է և ըմբռնումով է մոտենում այդ հարցին»,- նշեց Աշոտը։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее