▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողն ու մարդկանց թունավորում են.Երկրաբանն ահազանգում է

Երկրաբան Սարգիս Հովելյանն ահազանգում է՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ունենալու ենք ցիանով, ծծմբով վարակված տեղանք:

«Ցանկացած երկրում էլ ուզում են աշխատատեղեր բացել, բայց ամեն մի աշխատանքում կա բարոյական կողմը: Կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները ներկայացված նախագծում չկան: Օրինակ՝ ի՞նչ վիճակում է գտնվում ոսկին հանքանյութերում.բնածի՞ն է, թե՝ միացությունների ձևով: Երկրորդ՝ հանքանյութը մանրացնելու դեպքում առաջանալու են մինչև 20 տոկոս, 18մմ-ից փոքր ապարներ՝ հանքանյութ: Իրենք ցիանացնում են մինչև 18 մմ-ը, այսինքն` այն դաշտում, որտեղ այդ հանքանյութը պետք է տեղավորեն, այնտեղ պետք է լինեն 18 մմ և բարձր կտորները, իսկ մնացած 20 տոկոսը, որոնք կազմում են 18 մմ-ից փոքր կտորները, իրենք չեն ասում` դա ի՞նչ են անելու, նրա մեջ էլ ոսկի կա: Ոչ մի բան գրված չէ նախագծում այս մասին:

Նրանք պետք է պատշաճ մեկուսացում անեն, որ այդ նյութերը գրունտային ջրերի մեջ չանցնեն: Գրված չէ ոչ մի բան, թե ինչ նյութով պետք է մեկուսացվի: 192 մետրանոց բուրգ է այնտեղ առաջանալու: Հողի վրա ճնշումը լինելու է 40 մթնոլորտ և ավելի: Այդ ճնշման տակ ի՞նչ են տեղադրելու, որ ցիանը չանցնի հողերին: Որևէ խոսք չկա նաև ուրանի մասին: Ինչպե՞ս են տարածքը մեկուսացնելու, որ թույները չանցնեն գրունտային ջրերին: Իսկ եթե աղտոտվեցին դրանք, ամբողջ Վայքի գյուղերը, Որոտան գետը վարակվելու են: 1 կմ-ի վրա մարդ է ապրում, գիտե՞ք ցիանն ի՞նչ է, թույն է, թույն: Նրանք 10 տարի հետո թողնելու են ու գնան, մեր սերունդներին ի՞նչ է մնալու.բուրգ՝ 116 հա տարածքով, 192 մետր բարձրությամբ բուրգ՝ ցիանական թթուներով, ուրանով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգիս Հովելյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նկատեց.

«Կառավարությունը շլացել է ներդրումներից ու չի ուզում լսել ոչ ոքի: Երկիրն այսպե՞ս պետք է զարգանա: Դրանք հատուկ պահպանվող տարածքներ են, Կարմիր գրքում գրանցված թռչուններ ու կենդանիներ կան: Ասում են՝ բույսերն ու կենդանիներին տեղափոխելու են: Սա ի՞նչ լոգիկա է, բացարձակ անգրագիտություն: Հայաստանը փոքր երկիր է, անտառը միանգամից կարող է դառնալ տափաստան, կամ հակառակը: Պետք չէ մեր լանդշաֆտը համեմատել ասենք Կանադայի հետ, որտեղ նման գործեր կարող են անել: Հանցագործ ու անտարբեր վերաբերմունք է ժողովդի հանդեպ: Մի քանի տարի անց կտեսնեն, թե ի՞նչ կկատարվի Ջերմուկի հետ: Բացի այդ՝ ի՞նչ իմանաս, թե ինչպիսի՞ սեյսմիկ փոփոխություններ կլինեն: Ցավալի է նաև այն, որ տեղի բնակչությունը չի գիտակցում, թե ինչ վնաս են հասցնում իրեն: Քննարկումներից մեկի ժամանակ նրանք հետաքրքրվում էին, թե ինչքա՞ն գումար կտան իրենց այգու համար, կամ երեխային աշխատանքի կտեղավորե՞ն»:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն է ստացել բրիտանական «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Համաձայն մամուլում հայտնված տեղեկությունների՝ խոշոր բաժնետերերից է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, բայց ասում են՝ մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանն հայտնել է, որ ինքն այլեւս Ամուլսարի հետ գործ չունի` «ամերիկացիները եւ բրիտանացիները հեռացել են այնտեղից», ոլորտը տրվել է կանադացիներին: Ամուլսարն այլեւս համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման», որն այս նախագծում ներդրում է անում իր «Ամերիաբանկի» միջոցով»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее