Life.panorama.am-ը գրում է. Դերասաններ Հովհաննես Դավթյանն ու Հայկ Պետրոսյանը ամանորյա Stand up շոու-ներկայացման են պատրաստվում: Սա դերասանների առաջին միասնական աշխատանքն է, որին շատ լրջորեն են պատրաստվում:
Կայքի-ի հետ զրույցում դերասան Հովհաննես Դավթյանը նշեց, որ այժմ զբաղված են սցենարային աշխատանքներով. «Արդեն երկրորդ տարին է, որ ակումբային ձեւաչափով ելույթներ ենք ունենում թե խմբով, թե առանձին-առանձին: Հայկի հետ առիթ ունեցել ենք խմբով ներկայանալու, բայց միայն երկուսով դեռ չենք ելույթ ունեցել, ուստի սա կլինի մեր համատեղ առաջին աշխատանքը: Այս պահին ես զբաղված եմ սցենարական, իսկ Հայկն էլ՝ արդեն լսված երգերի համար նոր խոսքեր գրելու աշխատանքներով, քանի որ ներկայացման երաժշտական մասն ինքը կապահովի՝ երգելով լսված երգեր, բայց նոր բովանդակությամբ»,- պատմեց դերասան:
Հետաքրքրվելով, թե ներկայացման ժամանակ արծարծվող հումորը ինչպիսի՞ թեմաների կանդրադառնա, Հովհաննես Դավթյանը նշեց. «Սա լինելու է հաշվետու ներկայացման նման մի բան, որը կհանձնենք մեր փոքրիկ, բայց արդեն որոշակիորեն ձեւավորված հանդիսատեսի դատին: Կանդրադառնանք բոլոր թեմաներին՝ քաղաքականությունից մինչեւ կենցաղ, Նոր տարվան ընդառաջ կներկայացնենք մեր ազգային ավանդական ամանորյա անցուդարձը, թանկացումները, ամանորյա գնումները եւ այլն»:
Հայկ Պետրոսյանի հետ համագործակցության մասին խոսելիս՝ Հովհաննեսը նկատեց. «Հայկը շատ տաղանդավոր մարդ է, նա ոչ միայն լավ է խաղում, այլեւ հրաշալի երգում է, այնպես որ ներկայացման երաժշտական մասն ինքը կներկայացնի: Ի դեպ, ներկայացման սկզբում եւ վերջում ես ու Հայկը անակնկալի տեսքով միասին զուգերգ կունենանք»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում