▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հուսանք՝ ՀՀ ղեկավարների համար կարևորագույն թեման չի մնա Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին:
Թեհրանը, անկասկած, պատասխանելու է դրանց:
Մեր տարածաշրջանի երկարատև հակամարտություններից մեկը մտնում է շատ վտանգավոր փուլ:
Հուսանք, որ այս առավոտ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների համար կարևորագույն թեման չի շարունակի մնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի և կուսակրոնության հարցը:
Անկախ նրանից, թե ինչ զարգացումներ ու ելքեր կունենա իսրայել-իրանական նոր լարվածությունը, Հայաստանը պետք է շարունակի ակտիվ դիվանագիտական աշխատանքը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջին հերթին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»:
Թաթուլ Հակոբյանը մեկ այլ գրառմամբ լրացնում է վերը ասվածը․ «Իսրայելի՝ Իրանի միջուկային կենտրոններին հարվածները և տարածաշրջանային նոր ճգնաժամը պետք է դառնա առիթ, որպեսզի Հայաստանի իշխանությունները զբաղվեն անվտանգության, պաշտպանության խնդիրներով և վերջ տան Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավը:
Արդեն երեկ պարզ էր, որ սպասվում է նոր պատերազմ, սակայն, ցավոք, Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի հետ բանակցողը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և բազմաթիվ այլ ՔՊ-ականներ շարունակում էին զբաղված լինել կամ Ամենայն Հայոցով կամ Լևոն Տեր-Պետրոսյանով:
Այս պահին Հայաստանի համար չափազանց կարևոր է պահել բանակցային խողովակը Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև մեր տարածաշրջանում կարևոր դերակատարներից Ռուսաստանի, միացյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ»:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով, ըստ առկա տեղեկությունների զինված ուժերի և Իսլամական հեղափոխության կորպուսի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ են զոհվել:
Ըստ աղբյուրի, հիմնական թիրախներից նաև այն գիտնականներն են եղել, ովքեր մեծ դերակատարություն ունեն Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում:
Տարածաշրջանը կրկին տեղափոխվեց ակտիվ սպառնալիքների էպիկենտրոն, որտեղ անկանխատեսելի իրադարձությունների տարափ է սպասվում»:

***

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե նավթի գինը բարձրացել է ընդամենը 6% ով, ուրեմն առայժմ մեծ պատերազմի վտանգ չկա, իշխանություն պահելու կռիվ է։ Ում ում, բայց Իրանի մասնատումը Իսրայելին ձեռնտու չէ։
Իշխանություն պահելու խնդիր ունի ճարպիկ Նաթանյահուն, նրա կոալիցիան փլուզման եզրին է։ Իշխանություն պահելու խնդիր ունեն Իրանի մոլլաները, երկրի ներսում դժգոհությունները շատանում են։ Մի քանի քոթակ կտան իրար, կհանգստանան, այդ պատրվակով որևէ թուղթ կստորագրեն Թրամփի հետ։ Իրանին ու Իսրայելին կփորձի հաշտեցնել փառապանծ Թրամփը, Ամերիկա տեղ էլ պակաս ներքին խնդիրներ չկան, Լոսում անհանգիստ է, Դոնին պիտի շեղող թեմա ունենա, Ուկրաինան նախկին ինֆորմացիոն դոզան չունի։
Ничего личного, просто бизнес...
Նախօրեին Հայաստանին հերթական սիրուն կարկանդակը խոստացան, 500 միլիոնանոց ամերիկյան ինչ-որ ներդրում AI ոլորտում։ Մեզ չեն զարմացնի, էմոցիոնալ ու խոստումնալից կարկանդակներ մեզ շա՜տ են հրամցրել։ Պղնձի վերամշակման գործարան, ավտոմոբիլաշինական գործարան, նույնիսկ մեքենա արտադրվեց, անունն ի՞նչ էր։ Հետո կենցաղային տեխնիկա, հեռախոսներ ու կոմպյուտորներ արտադրեցինք, 44-օրյա պատերազմի օպերացիան փայլուն իրագործելուց հետո` Եվրոմիությունը մեզ 3 միլիարդ եվրո «տվեց», որից մեկ միլիարդը «ներդրեցինք» Սյունիքում, Հյուսիս-հարավը կառուցել ենք, հա քիչ մնաց մոռանայի, բա Հրաշքների տեխնոքաղաքը(անունը մոռացա), բա են չոր նավահանգիստը, էլ ո՞րն ասեմ, էլ որը...
Ավանդական քաղաքականությունը մեռել է, ամենուր և ամեն ինչ հանուն իշխանության է, հայրենիքը զուտ արոտավայր է, ամեն տեղ պետք է դրածո չոբաններ լինեն։ Մեր չոբանները յափնջին ուսին կատարում և գերակատարում են իրենց առջև դրած բոլոր առաջադրանքները»։

***

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեծապես վտանգված դրության մեջ։ Հատկապես այս իրավիճակում պետական իշխանության, ներառյալ ՀՀ ԶՈՒ և ուժային մյուս կառույցների առաջնային պարտքն է՝ ձևավորել հստակ արտաքին քաղաքական դիրքորոշում, անմիջապես դադարեցնել ներքին առճակատումների հրահրումը և գործադրել բոլոր միջոցները՝ ազգային անվտանգությունը երաշխավորելու համար։ Լակոտություն անելու ժամանակը չէ»։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար։

Ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։

ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։

Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։

Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ դիվանագիտական և անվտանգային խողովակներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее