Life.panorama.am-ը գրում է. Առաջիկա օրերին երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը կներկայացնի «Anahit Simonyan Fashion»-ի ամանորյա հավաքածուն: Մեզ ոճաբանը պատմեց, որ նոր հավաքածուն կներկայացվի ֆոտոշարքի տեսքով, ինչից հետո դրանք կցուցադրվեն իր սրահում:
«Շատ շուտով կներկայացնենք մեր ամանորյա հավաքածուն, որում ներառված կլինեն ինչպես ամանորյա տոնական հագուստներ, այնպես եւ երկարաճիտք կոշիկներ: Հուսամ մեր հավաքածուն ուրախ եւ բարի տրամադրություն կհաղորդի դրանք կրողներին եւ կնպաստի հաջողակ եւ լավ տարի սկսելուն»,- նշել է Անահիտ Սիմոնյանը:
Ոճաբանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ այս տարվա ակտուալ գույները. «Այս տարի շատ նորաձեւ են մուգ կարմիրը (бордо), կապույտը, կանաչը, դեղինը, ծիրանագույնը եւ ինչպես միշտ՝ սեւ ու սպիտակը. հենց այս գույներն էլ կգերակշռեն մեր նոր հավաքածույում»:
Ինչպես միշտ, Անահիտի նոր հագուստների մոդելի կարգավիճակում կլինի նաեւ դիմահարդար Մանե Սահակյանը. «Մանեն ոչ միայն որպես մոդել կներկայանա. սա մեր համատեղ, միասնական աշխատանքն է. ես՝ հագուստների մասով, ինքը՝ դիմահարդարման: Մենք ոչ միայն մտերիմ ընկերուհիներ ենք, այլեւ շատ լավ գործընկերներ: Ես միշտ իմ մոդելավորած հագուստները նրա վրա իդեալական եմ տեսնում, այդ իսկ պատճառով նա մշտապես իմ հավաքածուների ցուցադրությունների ժամանակ իր մասնակցությունն ունենում է: Մենք իրար շատ ենք աջակցում, փոխադարձաբար օգնում ենք իրար մեր աշխատանքները ներկայացնելու հարցում»,- պատմեց Անահիտ Սիմոնյանը եւ չցանկացավ բացահայտել, թե որպես մոդելներ էլ ովքեր են ներկայացել իր նոր հավաքածուի համար, միայն ակնարկեց, որ նրանց շարքում կլինեն նաեւ իր աշխատակիցները»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում