Life.panorama.am-ը գրում է. Զրուցել ենք երգչուհի եւ դերասանուհի Արմինե Գրիգորյանի հետ: Պարզվում է՝ ընդամենը օրեր հետո երգչուհին անորոշ ժամանակով հեռանում է Հայաստանից.
«Այս պահին փակագծեր բացել չեմ կարող, բայց Մոսկվայից ունեմ հրավեր եւ հունիսի 8-ին անորոշ ժամանակով կմեկնեմ Հայաստանից: Այնպես է ստացվել, որ չորս տարին մեկ ես որոշ ժամանակով գնում եմ Հայաստանից, իսկ հետո, նոր էներգիա հավաքած, վերադառնում, քանի որ ինձ Հայաստանի ֆանատ եմ համարում, ես խելագարվելու չափ սիրում եմ մեր երկիրը: Չգիտեմ՝ ինչպես է ստացում, որ այդ չորս տարվա ընդմիջումները զուգադիպում են, ինչեւէ, գուցե դա էլ իր նախանխնամությունն ունի»,- նշեց Արմինե Գրիգորյանն ու հավելեց, որ արդեն նոր երգ ունի, որի հիման վրա ցանկանում է տեսահոլովակ նկարահանել:
Ի դեպ՝ երգչուհին երեկ նշում էր ծննդյան 48-րդ ամյակը: Մեզ հետ զրույցում Արմինե Գրիգորյանը նկատեց, որ ինչպես ամեն տարի, երեկ եւս ծննդյան օրն անցել է շատ ուրախ ու ջերմ մթնոլորտում:
Արմինե Գրիգորյանը գոհ է իր անցած ճանապարհից, հիմա հետ նայելով, իր խոսքով, միայն մի բան կցանկանար հետ բերել.
«Ես գոհ եմ իմ 48 տարիներից, գոհ եմ ապրածս յուրաքանչյուր օրից: Հիմա հետ նայելով՝ ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ոչինչ չէի ցանկանա փոխել, ժամանակն էլ միայն մի բանի համար կցանկանայի հետ տալ, որ մայրս կրկին ողջ լիներ, քանի որ նա իմ կյանքում շատ է պակասում: Երեկվանից կարծես թե նոր շնչառություն վերցրած լինեմ, առհասարակ, ես չեմ սրտնեղում մեծանալուց, քանի որ մարդ որքան մեծանում, այնքան ավելի խելոքանում ու հզորանում է, այնքան ավելի գիտակցում է կյանքի գինն ու փորձում է խելացի գտնվել ու վայելել»,- նկատեց երգչուհի դերասանուհին:
Արմինե Գրիգորյանը այս պահին միայն մի երազանք ունի.
«Իմ երազանքները ժամանակի հետ չեն փոխվում. Միշտ ցանկացել եմ աշխարհով մեկ ճանապարհորդել, բայց շատ երկար ժամանակով չհեռանալ իմ երկրից: Իսկ այս պահի ամենամեծ երազանքս այն է, որ պատերազմ հանկարծ ու հանկարծ չլինի, որ իմ ժողովուրդը խաղաղ ու լավ ապրի»,- նշեց 48-ամյա երգչուհին:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում