ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն իր միկրոբլոգում գրում է.
henaran.am կայքում <<Վարորդի Ընկեր>> նախաձեռնության 07.06.2017 թվականի հրապարակման կապակցությամբ հայտնվում է, որ համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է կանգնեցնել տրանսպորտային միջոցը եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը, կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար:
Նշված նորմից պարզ է դառնում, որ ոստիկանության ծառայողը ոչ թե կարող է, այլ պարտավոր է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերին ականատես լինելու դեպքում համապատասխան վարչական ներգործության միջոցներ կիրառել:
Հարկ է նկատել, որ թեև հոդվածագիրը ձևական նշել է, որ իր գրառումը վերաբերվում է զրպարտություններին և չի քարոզում օրինազանցություն, այնուամենայնիվ հոդվածի նպատակը ակնհայտ երևում է նրա բովանդակությունից, ինչն այլ կերպ չես կարող անվանել, քան օրինազանցության քարոզում՝ տվյալ դեպքում անվտանգության ամրագոտիներով չամրակապվելու, վարելու ընթացքում ծխելու կոչ, քանի որ ըստ հոդվածագրի <<Աչքով տեսածը չի կարող հանդիսանալ հիմք դատարանում՝ բողոքարկման դեպքում>> և կոչ է արվում վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, բողոքարկել դատարան, քանի որ ՃՈ տեսուչը պարտավոր է հիմնավոր ապացույցներ բերել, իսկ նրա տեսածն ապացույց չէ: <<Վարորդի ընկեր>> նախաձեռնության անդամներին խորհուրդ ենք տալիս ամբոխահաճո ու շատերի կյանքի և առողջության համար վտանգավոր հայտարարություններ անելուց առաջ մտածել, որ բացի վարորդի ընկերոջից գոնե երբեմն անհրաժեշտ է լինել ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվածների, հաշմանդամ դարձածների և նրանց ընտանիքների ընկեր և սեփական գործունեությամբ գոնե նպաստել նվազագույնի հասցնել այդպիսի դժբախտ դեպքերի քանակը:
Հորդորում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին պահպանել երթևեկության կանոնները, մասնավորապես լինել անվտանգության ամրագոտիներով ամրակապված՝ անկախ այդ իրավախախտումը դատարանում բողոքարկելու հեռանկարից: Իրավախախտումների դեմ պայքարում Ոստիկանության կողմից հանդուրժողականություն չի դրսևորելու, հայտնաբերված բոլոր իրավախախտումների դեպքերով կիրառվելու են համապատասխան վարչական ներգործության միջոցներ:


