Ռուսական Росбалт լրատվամիջոցը հրապարակեց մի վերլուծություն այն մասին, որ քրեական աշխարհը հարաբերական լռությունից հետո կրկին սկսել է պատերազմի պատրաստվել. այս անգամ ծրագրում են կռվի բռնվել Ասլան Ուսոյանի կլանը, ինչպես նաև Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի գլխավորած միացյալ ընդդիմության կլանը:
«Առաջին լրատվական»-ն է անդրադարձել թեմային`  զրուցելով քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը. 
-2013 թ.  «գողական» աշխարհում արյունալի պատերազմ սպասվո՞ւմ է:
 -2013թ. կրիմինալ աշխարհում պատերազմ չի սպասվում, որովհետև պատերազմը  սկսվել է 6-8 տարի առաջ: Սկսվել է այն ժամանակ, երբ սկսվեց աշխարհի  խոշորագույն կրիմինալ աշխարհներից մեկի՝ ռուսական աշխարհի վերաձևավորումը,  երբ հիմնական գործող անձը դարձավ Վյաչեսլավ (Յապոնչիկ) Իվանկովը: Պատերազմը  սկսվել էր երկու հիմնական՝ ռուսական և վրացական (կովկասյան) թևերի միջև:  Պատերազմի հիմնական իրադարձություններն արդեն խաղացվել են: Նպատակը երկու  թևերի ազդեցության ոլորտների վերաձևավորումն էր, վերակազմավորումը ինչպես  բոլոր իշխանություններում, այնպես էլ կրիմինալ աշխարհում: Լուրջ խմորումներ  սկսվեցին 2008թ. մայիսի 2-ին գողական Կրասնոդարի երկրամասում գումարված  «գողական գագաթնաժողովից» հետո: Այդ ժամանակ լուրջ հակադրություններ ի հայտ  եկան: Ռուսական կողմը՝ Իվանկովի գլխավորությամբ, Ուսոյանի (Դեդ Հասանի)  աջակցությամբ, ուզում էր իշխանություն գրավել, իսկ վրացական կողմը՝ Ջաբա  Իոսելիանիի և Տարիել (Տարո) Օնիանիի գլխավորությամբ, ցանկանում էր իր կողմը  գրավել իշխանությունը: Սակայն Ջաբա Իոսելիանին մահացավ 2003թ., որից հետո  վրացական թևը ղեկավարում է Տարոն, որը բավականին բարդ իրավիճակում է, քանի  որ հետախուզվում է իսպանական իշխանությունների կողմից, վրացական  իշխանությունները նրա հետ գործարքի մեջ չեն մտնում: 2009 թ. հունիսի 13-ին  Տարիել Օնիանիին ձերբակալում են 218 հազար դոլար շորթելու փորձ անելու  համար: Նա այսօր բանտում է, բայց դա որևէ նշանակություն չունի, նա փակված  վիճակում էլ ղեկավարում է: Ռուսական թևի առաջնորդ Իվանկովի դիրքերը խարխլվեցին այն ժամանակ, երբ  նրան սկսեցին չսիրել նաև իր կողմնակիցները, սկսեցին կասկածել: Գալիս էր  սերունդների հերթափոխություն, և որոշ մարդիկ նրա շրջապատից ցանկանում էին  ազդեցության ավելի մեծ ոլորտների հասնել, ավելի մեծ ֆինանսական պատառներ  ստանալ: Քանի որ Իվանկովը շատ խելոք է, զգաց, որ ժամանակն է ընդհատակ  անցնելու: Հենց սա առիթ դարձավ, որ նրա նկատմամբ մահափորձ կատարվի 2009 թ.  հուլիսի 28-ին, և հոկտեմբերի 12-ին կատարվեց նրա շքեղ թաղումը  լրատվամիջոցների համար՝ բեմականացում հավատացողների և չհավատացողների  համար: Այդ շքեղ թաղման արարողության տեսանյութերը նայելով՝ ցանկացած  ուշադիր մարդ կզգա, որ մարդ չեն թաղում, կատարվում է դագաղի  հուղարկավորություն: Զարմանալի էր նաև, որ Իվանկովի մտերիմը՝ Դեդ Հասանը,  ներկա չէր նրա թաղման արարողությանը: Ավելին՝ միայն մեկ ծաղկեպսակ էր  ուղարկել: Քանի որ Յապոնչիկը դեռ գոյություն ունի, առաջին ջութակը նա է,  թեև Դեդ Հասանը հեղինակություն է և կանգնած է Օնիանիի դեմ պայքարի առաջին  գծում: -Դուք համոզվա՞ծ եք, որ Յապոնչիկը ողջ է: Ամեն դեպքում,  ռուսական կրիմինալ կայսրության ղեկը ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի  ձեռքում է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշում կայացվի գահընկեց անել Դեդ  Հասանին և, այսպես ասած, ռուսականացնել այդ աշխարհը: Իրադարձությունների  նման զարգացումների դեպքում ի՞նչ ազդեցություն կունենան դրանք Հայաստանում: -Ամեն ինչ հնարավոր է, որովհետև, եթե Դեդ Հասանին հզորությանը,  գիտելիքներին համապատասխան մեկը, փոխարինող գտնվի, Հասանը դուրս կգա առաջին  գծից: Հասանի կապը Հայաստանի հետ հետևյալն էր. ծնողները ծնվել են Ապարանի  շրջանում, հետո փոխադրվել են Թբիլիսի, այնտեղ էլ ծնվել է Դեդը: Հայերի հետ  նրա մյուս կապն այն է եղել, որ նա և Սվո Ռաֆը ամուսնացած էին հորեղբոր  աղջիկների, քույրերի հետ: Դեդ Հասանը և Սվո Ռաֆը շատ մոտ էին: Հասանը միշտ  գալիս է այստեղ Սվո Ռաֆի գերեզմանին: Այսօր Հայաստանն այս իմաստով երկրորդական դեր կատարող է, որովհետև մեր  ամենահիմնական խոշոր ֆիգուրը Սվո Ռաֆն էր, ով հիմա չկա, Ալիկ Մինալյանը  (Սոչինսկի) ևս չկա: -Ծագումով հայ քանի՞ հեղինակավոր «օրենքով» գող կա այսօր: -Երկու-երեքը կան նոր սերնդից, որոնք կարող են դեր խաղալ. նոր  ժամանակներ են գալիս, նոր գործընթացներ են տեղի ունենում այդ աշխարհի առջև,  այսինքն՝ թալանելու և՛ ձևերն են փոխվում, և՛ նյութերը: Նրանք կգան, և  կիմանանք, քանի որ Դեդ Հասանի մոտիկներն են՝ ռուսական թևից: -Սվո Ռաֆից հետո կարծես հայերը դուրս մղվեցին կրիմինալ աշխարհի  մեծ կայսրությունից, և առաջ եկան վրացիները, չեչեններն ու ադրբեջանցիները  այն դեպքում, երբ ժամանակին հայերն ու վրացիներն այս իմաստով հավասար  դիրքերով էին շարժվում այս աշխարհում: Ի՞նչ պատճառով ամայացում տեղի  ունեցավ այս դաշտում: -Ժամանակին Վանո Սիրադեղյանը այս երկրի համար արեց առավելագույնը: Նա  արեց այնպիսի մի բան, ինչ ժամանակին արեց Դուչեն Իտալիայում, և ինչ որ արեց  Վանոյից հետո Սաակաշվիլին Վրաստանում: Վանոն մաքրեց Հայաստանը  տականքներից, որովհետև հայկական կրիմինալ աշխարհում շատ տականքներ կային:  Սակայն հայկական գողական աշխարհի մեջքը դեռևս չի կոտրվել: Ես շատ ուշադիր  եմ կարդում մամուլը՝ «Հայկական ուժ»-ի գործը շարունակվում է, նշանակում է,  որ այդ հզոր երկրի համար դա հզոր ուժ է: Բայց Սվո Ռաֆի գիտելիքների,  հզորության տեր մարդ դեռևս ասպարեզում իրեն ցույց չի տվել: 1999 թվականին,  երբ ես գիրք հրատարակեցի, հաշվառված էր 156 «օրենքով» գող ամբողջ ԽՍՀՄ  տարածում, տասը տարի հետո այդ ցուցակը հասավ 1000 մարդու, բայց այդպես չի  լինում: Այս ցուցանիշը հիմնականում ավելացավ վրացիների շնորհիվ, նրանք  սկսեցին գումար տալով առնել այս կոչումը: Այսինքն՝ կրիմինալ աշխարհը դուրս  էր գալիս իր նախկին սկզբունքներից: Անկախության տարիներին կրիմինալ աշխարհի վերաձևումն էր նաև այն, որ մեր  կրիմինալ աշխարհն ու օլիգարխիան համարյա խառնվեցին իրար, իսկ դա սարսափելի  է: Սրա վատն այն է, որ ամեն ինչ խառնվում է իրար: Օլիգարխները ոչ մի օրենքի  չեն ենթարկվում: Եթե գողականների օրենքներին ենթարկվեին, ֆիզիկապես  ոչնչացված կլինեին, որովհետև գողական աշխարհում կան «չի կարելի»-ներ:  Հայաստանում օլիգարխներն ավելի մեծ անուն ունեն, քան գողերը, բայց ոչ  հեղինակություն: -Հնարավո՞ր է օլիգարխ-«օրենքով» գող հասկացությունները Հայաստանում հստակեցվեն: -Հայ «օրենքով» գողերն անհանգստացնում են դրա համար, կրիմինալ աշխարհը  կսկսի կամաց-կամաց մաքրվել նախ ներսից, հետո օլիգարխիան ստիպված կլինի  ենթարկվել գողական աշխարհի օրենքներին: Ուշադիր կարդացեք թերթերը և կզգաք  դա: Շատ են լինում միամիտ ինֆորմացիաներ, որ որևէ երկրում նրանցից մեկի  գործերը չեն հաջողվել, հանկարծ Հայատսնաում շատ ճանաչված մարդու գործերը  չեն հաջողվում ԱՄՆ-ում: Ինչո՞ւ է այդպես լինում: Ինչո՞ւ Armenian power-ը  բռնվեց, և ԱՄՆ-ում այդքան մեծ գործ սարքվեց:
      

