Հնարավոր է՝ Հայաստանն Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների՝ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ադրբեջանը զրկվել է նաև 49 ԱԹՍ-ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։