Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են էն օրերի հետ, որպիսիք այսօր ոչ մի երեխա չի ունենում: Մանկությունս մասամբ անցել է Սովետական ժամանակշրջանում, մասամբ էլ անկախ Հայաստանի առաջին տարիներին: Հիշում եմ՝ մութ ու ցուրտ տարիներին բակի երեխաներով հավաքվում էինք, ճամբարներ ու խաղեր կազմակերպում: Էն ժամանակ իսկական ընկերություն կար, կարող էինք հավաքվել մեր սարքած փոքրիկ տնակում, ամեն մեկս տանից մի բան բերեր ու հաց, պանիր, լոլիկով մի մեծ քեֆ կազմակերպեինք, ինչը հետո դարձավ մանկության ամենավառ հիշողություններ: Հիշում եմ՝ հատկապես ամառային արձակուրդներին առավոտից մինչ ուշ գիշեր մեր բակի երեխաներով իրար հետ էինք, հետո քրտնած ու ցեղոտ գնում էինք տուն, մեր մամաները ջղայնանում էին, շատ անգամ մեզ ծեծում, բայց մեկ է, դրանք էլ դարձան մանկության լավագույն հիշողություններ:
Եկա, որովհետեւ...
Եկա, որ ասեմ ներսումս եղած ասելիքը ու կարծում եմ՝ դա ինձ մոտ ստացվում է: Ես լույս աշխարհ եկա ապրելու համար, սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, ընկերներիս: Իմ գալու համար յուրաքանչյուր օր շնորհակալ եմ Աստծուն:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական կետ էր հենց մասնագիտությունս, որի մեջ ասես մխրճվեցի ու օր օրի ավելի սիրեցի. Մինչ օրս էլ զգում եմ, որ գնալով ավելի եմ սիրում դերասանական արվեստը:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ու տխրում… շատ բան ունեմ հիշելու ու տխրելու, բայց աշխատում եմ շատ չտխրել: Մայրիկիս եմ հիշում ու շատ եմ տխրում: Հիշում եմ անցած օրերն ու էլի տխրում, որ չեն կրկնվելու, երեկվա օրս էլ, երբ հիշում եմ, կրկին տխրում եմ, որ արդեն անցած է: Յուրաքանչյուր անցած բանի համար տխրում եմ, երբ հիշում եմ, բայց փորձում եմ շատ չտխրել, որպեսզի կյանքս դրական մթնոլորտում անցնի:
Հիշում եմ ու ժպտում...
Հիշում եմ ու ժպտում էն մեկին, ում դեռ պետք է սիրահարվեմ: Նա դեռ չկա, բայց երբ հիշում եմ, որ լինելու է մեկն, ով ինձ պետք է գրավի, խեղճացնի ու առնի ես-ս, մեջս դրական, խորը շնչով ժպիտ է առաջանում:
Ափսոսում եմ ...
Ափսոսում եմ, որ այն, ինչ կարող էի անել ավելի շուտ, չգիտես ինչու չարեցի:
Վստահ եմ...
Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք ու ունենալու ենք լավ Հայաստան, հզոր պետություն: Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:
Նպատակ ունեմ...
Նպատակ ունեմ չնահանջելու, սիրում եմ ժամանակի հետ առաջ գնալ, ոչ թե տեղում դոփել:
Չասացի կներես ու...
Չասացի կներես ու փոշմանեցի, որովհետեւ ըստ իս «կներես» պետք է ասի յուրաքանչյուրը: «Կներես»-ը շատ լավ բառ է, ես աշխատել եմ միշտ, երբ մեղավոր եմ, ասել այդ բառը:
Կարոտում եմ...
Կարոտում եմ ամեն ինչին, բոլորին, ուղղակի կարոտում եմ:
Սիրում եմ...
Սիրում եմ մարդկանց, թեպետ մարդն ինքն իրենով վատ երեւույթ է:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Մշակույթի նախարարություն, մի քիչ դոզան քչացրեք` մեզ այդքան «շատ» մի վճարեք. Ռաֆայել Երանոսյան
Մորս մահից հետո մինչև օրս չեմ ջնջել նրա համարը հեռախոսիցս, զանգում եմ և շփվում. Ռաֆայել Երանոսյան