▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական տնօրեններն ընդդեմ Իոաննիսյանի հայցերը վարույթ են ընդունվել. նիստի օրերը հայտնի են

 

Armtimes.com-ը գրում է. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների հայցն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի վարույթ է ընդունվել:

Բոլոր 30 հայցերը վարույթ են ընդունվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մակագրվել նույն դատարանի դատավորներին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործով արդեն նախնական դատական նիստի օրեր են նշանակվել: Այսպիսով՝ հայցերը կքննվեն սույն թվականի հուլիսի 17-ից:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են իշխող Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակագրմամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարակել է, մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։ 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի դրանից զրպարտության համար 30 տնօրեն պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում 2-ական միլիոն դրամ:

Այսօր մեր զրույցում գործով պատասխանող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արդեն ստացել է հայցադիմումների մի մասը:

- Դանիել, ասացիք, որ ստացել եք հայցադիմումները, հասցրե՞լ եք արդեն դրանց ծանոթանալ:

- Հայցադիմումների մոտ 25 տոկոսը ստացել ենք, պետք է ասեմ, որ դրանք մեկը մյուսից copy past են արված: Այսինքն՝ ամբողջությամբ նույնն է ոչ միայն պահանջը, այլ նաեւ շարադրանքը: Որեւէ լուրջ փաստական հանգամանք, ապացույց դրանց մեջ չկա, կամ նման ապացույցի հղում: Եթե փորձենք երկու բառով ամփոփել, ապա իրենք հայցում մոտավորապես ասում են հետեւյալը, որ մենք ասել ենք, որ Հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը ու դրանով զրպարտել ենք տնօրեններին: Այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ հայցադիմումն ի սկզբանե գրված էր Հանրապետական կուսակցության անունից ներկայացնելու համար, հետո երեւի թե հասկացել են, որ շատ վատ գաղափար է Հանրապետականի անունից մեզ դատի տալը, ուստի վերափոխել են, դատի են տվել 30 տնօրենի անունից:

- Ձեր կողմից հայցի պատասխան ներկայացվե՞լ է:

- Մեր կողմից դեռեւս պատասխան չի ներկայացվել, մենք դեռ հայցադիմումների զգալի մասը չենք ստացել, բայց իրավաբաններն արդեն զբաղվում են, արդեն ունենք բավականին հետաքրքիր պաշտպանական քաղաքականություն, որի բոլոր դետալները ես հիմա չեմ ուզում բացահայտել, որպեսզի անակնկալ լինի, բայց ամեն ինչ արվելու է: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ զրպարտություն չկա, բայց դրա հետ մեկտեղ կիրառելու ենք նաեւ ոչ այդքան սովորական իրավական պաշտպանության մեխանիզմներ:

- Դանիել, իսկ հայցադիմումում փոխհատուցման պահանջի մասով ինչ-որ մանրամասներ կա՞ն ներկայացված:

- Որեւէ կերպ գումարի չափ, հիմնավորում չկա: Հայցադիմումները առհասարակ բավականին համեստ են գրված, կարող էին ավելի հիմնավոր գրվել, մի քիչ կոռեկտ արտահայտվեմ էլի (ծիծաղում է):

- Դուք հրապարակել էիք 114 տնօրենի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, սակայն հայց են ներկայացրել նրանցից 30-ը: Ըստ ձեզ, ինչո՞ւ 30 տնօրենին մյուսները չեն միացել:

- Պատկերացրեք՝ դուք տնօրեն եք եւ կյանքի բերումով ստիպված եք դառնալ Հանրապետական, ցուցակներ եք հավաքագրում ու ձեզ ինչ-որ պայծառ օր դրա վրա բռնացնում են, դուք հայտնվում եք կիզակետում: Դուք կցանկանայի՞ք արդյոք հետո այդ թեման նորից  բարձրացնել, դուք կցանկանայի՞ք ձեր անունը նորից շրջանառվի, եւ վերջապես կցանկանայի՞ք հայտնվել քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: Ես չեմ բացառում, որ 84 տնօրեն ուղղակի հրաժարվել է հայցադիմում ներկայացնելուց:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее