▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում արձանագրվել է 3.9% գնաճ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝ հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գներն` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։ Նման գնաճի միտումները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում, խորացնում են սոցիալապես խոցելի խմբերի վիճակը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2024թ.» զեկույցի համաձայն՝ 2023թ․ տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսերի 42.9%-ը ուղղվում է սննդին, իսկ 32.8%-ը՝ ծառայություններին։ Ոչ պարենային ապրանքների բաժինը կազմում է 19.4%, ծխախոտի գնումը՝ 4.5%, իսկ ալկոհոլային խմիչքները՝ 0.4%։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի վերլուծությամբ՝ այս թվերը վկայում են այն մասին, որ բնակչության եկամուտների մեծ մասը ծախսվում է կենսական անհրաժեշտության ապրանքների վրա, մինչդեռ կրթությանը, ժամանցին կամ խնայողություններին ուղղվող գումարները մնում են սահմանափակ։

2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294 621 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.6 տոկոսով, իսկ 2025 թվականի հունիսին այն կազմել է 297 624 դրամ։

Որոշ ոլորտներում աշխատավարձերի մակարդակը զգալիորեն ցածր է երկրի միջին ցուցանիշից՝ մասնավորապես․ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 148 014 դրամ, Սպասարկման այլ ծառայությունների ոլորտում՝ 150 351 դրամ, Մշակույթ և արվեստի ոլորտում՝ 159 520 դրամ, իսկ կրթության ոլորտում՝ 166 118 դրամ։

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին աղքատության մակարդակը գնահատվել է 23.7%, ինչը 1.1 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի ցուցանիշից։ Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.1%՝ նվազելով 0.1 տոկոսային կետով։ Վարձու աշխատողների շրջանում աղքատության մակարդակը կազմել է 19.4%։
Աղքատության տարածվածությունը տարբերվում է ըստ բնակավայրերի։ Քաղաքային բնակավայրերում այն կազմել է 21.5%, իսկ գյուղական բնակավայրերում 27.0%։ Երևանում այն կազմել է 17.9%։

Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 43.1%, իսկ ամենացածրը՝ Սյունիքի մարզում՝ 7.0%։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее