▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընկել է Սաշիկ Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի ետեւից

 

armtimes.com-ը գրում է. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն արդեն երկար ժամանակ ինչ-որ բան է ուզում հասկացնել Հայաստանի հանրությանը, բայց, թե կոնկրետ ինչ, առայժմ հայտնի չէ: Այս օրերին դեսպանն այցելում է ընտրություններում առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների գրասենյակներ, բայց այստեղ չէ խնդիրը:

Ընտրությունների համատեքստում նրա խոսքը հստակ է`պետք է լինեն ազատ, արդար, եւ թափանցիկ ընտրություններ, քաղաքացիները պետք է վստահություն ունենան արդյունքների նկատմամբ, ընտրողները չպետք է վախենան, որ իրենց քվեարկությունը հայտնի կդառնա, ընտրողներին կաշառել չի կարելի եւ այսպես շարունակ:

Ամեն ինչ պարզ է, հասկանալի: ԱՄՆ դեսպանի նկարագրած ընտրությունը իհարկե չի հաջողվի կազմակերպել, սակայն նախորդ ընտրություններից «մեկ քայլ առաջ» անպայման կգրանցվի, ինչը կողջունեն թե՛ Ռիչարդ Միլսը եւ թե՛ միջազգային դիտորդները:

Ավելի երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ կառավարությունը Հայաստանում ընտրությունից էլ կարեւոր առաջնահերթություն ունի. կոռուպցիան: Ահա այստեղ է, որ դեսպանն ինչ-որ բան է ուզում ասել, բայց կամ ինքը լավ չի ասում, կամ՝ մենք լավ չենք հասկանում:

Դեսպանը հաճախ է խոսում կոռուպցիայի թեմայով, նաեւ շուտ-շուտ հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ինչպես հայտնի է, նա սուր քննադատության արժանացրեց նախորդ վարչապետի ձեւավորված հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքները, ասաց` քանի որ տեմպն ու արդյունքներն իրենց չեն գոհացրել, ԱՄՆ կառավարության խոստացած ֆինանսավորումը չի տրամադրվել:

Ներկայում Կարեն Կարապետյանը ձեռնամուխ է եղել խորհրդի վերակազմավորմանը, զուգահեռաբար նոր ծրագրեր են կազմում, նոր նպատակներով եւ թիրախներով: Ռիչարդ Միլսն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներին, եւ ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս, որոնց միջոցով, ըստ էության, հանրությանը ինֆորմացնում է, թե ինչ է կատարվում:

Վերջին հարցազրույցում մասնավորապես նա ասել էր. «Կոռուպցիայի դեմ պայքարը դժվար է, այն դյուրին գործ չէ: Երբեմն այն ենթադրում է, որ որոշումներ, քայլեր լինեն ամենաազդեցիկ մարդկանց դեմ, ինչը ենթադրում է կտրուկ գործողություններ»: Բացի այդ նա ասել էր, որ կառավարությունում կան կարեւոր գործիչներ, ովքեր լծված են կոռուպցիայի դեմ պայքարի գործին, եւ վարչապետի կողմից կա այս երեւույթի դեմ պայքարելու քաղաքական կամք:

Հարցին՝ ո՞ր պարագայում ֆինանսավորումը կլինի, դեսպանը պատասխանել էր. «Եթե մենք կարողանանք որոշ ծրագրերի վերաբերյալ վարչապետի հետ համաձայնության գալ, պատրաստ կլինենք հակակոռուպցիոն խորհրդի ծրագրերին ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերել: Այժմ այդ հարցերի շուրջ ենք խոսում»:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Կարեն Կարապետյանը դժգոհում է, որ որոշ անձանց դեպքում իր ձեռքերը կապված են եւ ինքը չի կարող պայքարել նրանց դեմ: Այդ մարդկանց շրջանակը բոլորին է հայտնի` Սամվել Ալեքսանյան, Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միհրան Պողոսյան, Գագիկ Խաչատրյան եւ Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությունը վայելող այլ նախկին եւ ներկա պաշտոնյաներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее