ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:
Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները: Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից: Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները: Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:


