▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կառավարությունը ով՝ սաղ, ով՝ մեռած թեզն է աշխատեցում

Ուշադիր կարդացել եմ ՀՀ կառավարության 2017-2022թ.թ. ծրագիրը, որտեղ 90-րդ էջից սկսվում է «Կրթություն և Գիտություն»  վերնագիրը: Սկսվում է այսպես. «ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին. 2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել, 2019-2021 թվականների ընթացքում ներդնել նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ. 3) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը»։

Թեև կառավարության ծրագրի «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ»  բառերի տակ դրված  գաղափարն արդեն ներդրված են Հայաստանի որոշ գյուղերում, բայց գոնե՝  կան ու  կարևոր են, ու ըստ ծրագրի, դրանք պետք է ամբողջ հանրապետությունում իրականանան մինչև 2017-ի ավարտը, այնինչ այս տարվա՝ 2017թ. կառավարության տարեկան ծրագրով նման  ոչինչ նախատեսված չի  ու նախադպրոցական կրթության համար  ընդհանրապես  ոչինչ նախատեսված չի, բառն անգամ չկա: Ահա թե ինչպես են գրվում կառավարության տարեկան, հնգամյա ծրագրերը, մեկը մյուսի հետ կապ չունեցող:

Էլ չեմ ասում ԿԳ նախարարի հայտնած նորությունը «Կրթության զարգացման 2017-2030թ.թ. ծրագիր» օրենքի մասին, որի ժամկետը հաստատ միայն մի բան է հուշում՝ թե ինչպես են այսօրվա գործող բոլոր պաշտոնյաները հաջորդ 13 տարում փախնելու պատասխանատվությունից: Ո՞վ է հիշելու կամ մինչև 2013թ.-ը ով՝ սաղ, ով՝ մեռած թեզն է աշխատելու ու չեն անհանգստանում, որ իրենք  պարզապես ջայլամի քաղաքականություն են վարում:

Ուզում եմ նաև մեր հասարակությանն ասել մի տխուր փաստի մասին: 2005 թվականին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին»  ՀՀ օրենքով սահմանված էր. «Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից»: Հազիվ մի լավ կետ էին գրել, այն էլ  մինչև 2013 թվականն առանց կիրառելու, 2013-ին ընդունված օրենքով այս կետն ուժը կորցրած է ճանաչվել: 2005 –ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի միակ փոփոխությամբ ՀՀ կառավարությունը հերթական անգամ նվաստացրեց նախադպրոցական կրթության մանկավարժներին:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее