Ադրբեջանական AZTV պետական հեռուստաընկերության մարզական մեկնաբան Թառլան Շահինօղլուն հեռացվել է աշխատանքից Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ գովեստի խոսքեր հնչեցնելու համար: Azerifootball.com-ի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ Շահինօղլուն, Facebook-յան էջում մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղն անգլիական Պրեմիեր-լիգայում, գովել է Մխիթարյանին, հեռուստաընկերությանը ղեկավարությունը նրանից բացատրություններ է պահանջել: Նրանից պահանջել են ներողություն խնդրել իր արարքի համար, սակայն նա հրաժարվել է կատարել պահանջը եւ ստիպված աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Մարզական մեկնաբանը հաստատել է տեղեկությունը, որ ինքը ստիպված է եղել հեռանալ հեռուստաընկերությունից, որտեղ ավելի քան 6 տարի աշխատել է, սակայն պարզաբանել է, որ դա կապ չունի Մխիթարյանի վերաբերյալ գրառման հետ: «AZTV-ից իմ հեռանալը որեւէ կապ չունի հայ ֆուտբոլիստի եւ նրա մասին իմ գրառման հետ: Խնդրում եմ չհավատալ նման տեղեկություններին եւ ինձ այդ հարցով չանհանգստացնել: Իհարկե, իմ հեռանալն ունի իր պատճառները, բայց կարող եք վստահ լինել, որ այն կապված չէ Հենրիխ Մխիթարյանի հետ»,- գրել է Շահինօղլուն:
Աղբյուր՝ armtimes.com


