▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷԿ-երի պատճառով ձուկը վերանում է

ՀԷԿ-երի պատճառով գետերից ձուկը վերանում է: Այս մասին հայտարարել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում կառուցված է երկու փոքր ՀԷԿ. ըստ Եղեգիսի համայնքապետ Յուրիկ Մկրտչյանի` ներկայում աշխատում է մեկը, չաշխատող ՓՀԷԿ-ը կառուցել են ապօրինի, հետո չի ապամոնտաժվել, այդպես էլ մնացել է: Իսկ գործող ՓՀԷԿ-ից համայնքապետը բողոքներ չունի, ասում է՝ ոռոգմանը չի խանգարում: «Ոռոգումը ստանում ենք եւ Եղեգիս գետից, եւ աղբյուրներից: Վերեւի թաղամասը օգտվում է աղբյուրներից, ներքեւի թաղամասը՝ գետից: Ճիշտ է, ամռան սեզոնին ջուրը քիչ է, բայց բավարարում է: Դրա հետ մեկտեղ օգտվում ենք Խանջյան տանող ջրագծից, մի 15-20 տնտեսություն, այդ ջուրը շատ է օգնում մեզ», - ասում է համայնքապետը: Համայնքից ՓՀԷԿ-ում աշխատում է 11 բնակիչ՝ միջինը 60.000-70.000 դրամ աշխատավարձով: Սոցիալական աջակցություն ՓՀԷԿ-ից համայնքը չի ստանում, միայն վարձակալած հողի վճարն են տալիս, համայնքապետի խոսքով՝ տարեկան 170 հազար դրամ:

Առհասարակ Եղեգիս գետը հարուստ է ՓՀԷԿ-երով, գետի վրա ՓՀԷԿ-երի մի ամբողջ կասկադ է կառուցված: Յուրիկ Մկրտչյանը նշում է, որ միայն իրենց համայնքից վերեւ 9 ՓՀԷԿ է աշխատում, եւ հենց դրանց պատճառով է, որ գետը մնում է առանց ձուկ: «Մինչեւ ՓՀԷԿ-երը կարմրախայտ շատ կար, իսկ հիմա այդ ՓՀԷԿ-երի պատճառով ձուկը վերանում է, գալիս, մտնում է ՓՀԷԿ ու բնաջնջվում», - նշում է Եղեգիսի համայնքապետը:

Եղեգիս համայնքն ունի 511 բնակիչ, այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Որպես համայնքի զարգացման հեռանկար համայնքապետը շեշտը դնում է զբոսաշրջության վրա: «Մեր գյուղում կան վանքեր, հնություններ, Սմբատաբերդը, Զորաց եկեղեցին, հրեաների աշխարհում պահպանված ամենահին գերեզմանատունը, ունենք խաչքարեր, հոյակապ բնություն՝ շրջապատված անտառով: Մեր բնությունը հարուստ է սառնորակ աղբյուրներով, վայրի գազաններով՝ արջ, վայրի այծ, վայրի խոզ…բոլորս կարծում ենք, որ այստեղ հնարավոր է շատ լավ տուրիզմ զարգացնել»,-ասում է Յուրիկ Մկրտչյանը եւ հավելում, որ տուրիզմի շնորհիվ բնակիչները նաեւ կկարողանան սպառել իրենց գյուղատնտեսական արտադրանքը:

Եղեգիսի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ զբոսաշրջության զարգացումը իրենց մեծ օգուտներ կտա. համայնքում մեծ է գործազրկությունը, սպառողական շուկան սահմանափակ է: Զբոսաշրջության զարգացմանը խանգարում է ենթակառուցվածքների բացակայությունը: Բնակիչները չգիտեն` ինչպիսի ժամանակակից ենթակառուցվածք պետք է լինի զբոսաշրջության համար: Նրանց կարծիքով` զբոսաշրջությունը շահերի բախման մեջ է փոքր ՀԷԿ-երի հետ. «Ջուր են տանում… Մեր տեսարժան վայրերը փչացնում են… Օգուտներ ՓՀԷԿ-երից չունենք… Մեզ ոչ ոք չի հարցրել, ուզում ենք, որ փոքր ՀԷԿ կառուցվի մեզ մոտ, թե` ոչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее