▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը կգրավադրվեն՝ վարկ ստանալու նպատակով

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը գրությամբ դիմել է Հայաստանի կառավարություն` խնդրելով տալ համաձայնություն՝ սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 70%-ը կազմող 172 հազար 496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Գրավադրումն անհրաժեշտ է ՀԷՑ-ի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով` որպես ապահովման միջոց:

Կառավարության` հուլիսի 27-ին կայանալիք նիստին այս հարցը կքննարկվի։ Ինչպես ենթադրվում է օրակարգում ներառված նախագծից` ՀՀ կառավարությունը կհաստատի այն։

Ըստ նույն նախագծի՝ այս համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն, եթե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք պայմանագրերի համաձայն` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: Իսկ մյուս պայմանն է, որ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից այդ համաձայնության պայմանները գրավոր կերպով ընդունվեն։

Նախագծի վերջում նշված է, որ դրա ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին հաստատվեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է ՀԷՑ-ը։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է։

Թե որքան վարկ է պատրաստվում վերցնել ՀԷՑ-ը ՎԶԵԲ-ից և ԱԶԲ-ից, նախագծում նշված չէ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее