▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ը խլելու համար կվճարեն հպարտ հարկատուները. մեկնարկը 200 մլն դոլարն է. ԱԺ նախագիծ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում արդեն հրապարակվել է ՀԷՑ-ը ազգայնացնելու, ինչպես համացանցում որակվել է՝ «ՀԷՑ-ը խլելու» օրենսդրական նախագիծը։ Այս նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հուլիսի 1-4-ը գումարվող արտահերթ նստաշրջանում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը մշակել եւ օրակարգ են բերել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Այն վերաբերում է ընդհանուր էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի պետականացման գործընթացի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպես՝ նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են ՀԷՑ-ը կառավարելու բոլոր լիազորությունները։

«Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»,- այս մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա արագ։ Հիշեցնենք, որ այս հայտարարությունը Փաշինյանն արեց միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ժամեր անց, իսկ այս հայտարարությունից հետո դրա ներկայացումը չուշացավ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում էլ Փաշինյանը նշել էր, թե «Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։

Որպես փաստարկ՝ վարչապետը նշել էր էներգամատակարարման խնդիրները եւ քաղաքացիների կրած վնասները։ Այս նախագիծը, ըստ իշխող ուժի, լավագույն ձեռքբերումը կարող է լինել, իսկ մասնագետները հակառակն են պնդում, որ նախագիծը խնդրահարույց է եւ թերի։

ՔՊ-ականների նախագծում գրված է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն անգամ իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տրված լիցենզիայից, այնուհետեւ փորձ է արվելու պետականացնելու ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։ Ազգայնացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սեփականության իրավունքի դադարեցման հիմքերից մեկն է։ Այս օրենքը նախատեսում է, որ կարելի է օրենքով դադարեցնել սեփականության իրավունքը, ըստ էության՝ խլել մասնավոր սեփականությունը օրենքի հիման վրա եւ ամբողջությամբ հատուցել գույքի արժեքը եւ վնասները։

Նախագծի բացը հենց այստեղ է, որ պետք է փոխհատուցվի ոչ թե որոշակի մաս, այլ ամբողջությամբ՝ վնասները ներառյալ։

Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, գրավադրման այս գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել, սեպտեմբերի 1-ին էլ նույնը կրկնել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Իսկ ինչ փոխհատուցման մասին է խոսքը. պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ 2024-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի եւ փոխառությունների գծով կազմել են 77.2 մլրդ դրամ (ավելի քան 200 մլն դոլար)։

ՀԷՑ-ը նաեւ խոշոր հարկատու է. 2024-ին բյուջե է վճարել 12.3 մլրդ դրամ հարկ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее