Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի պատմության մի մասն է, սա մեկ ազգի, երկրի ցավը չէ, միեւնույն ժամանակ մենք պետք է առաջ նայենք: Ցեղասպանությունների դեմ պայքարելու համար պետք է դադարել պարզապես ասել «այլևս երբեք», բայց դրանից բխող որևէ քայլ չնախաձեռնել։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Երևան ժամանած ամերիկացի դերասան, «Not On Our Watch»-ի համահիմնադիր, բարերար, կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին։
Աշխարհահռչակ դերասանի կարծիքով՝ այսօր չես կարող հերքել այն, ինչ 101 տարի առաջ տեղի է ունեցել, չես կարող հերքել այն, որ ինչ-որ մեկը փորձել է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղ. «Մենք շարունակում ենք ասել, որ այսեւս նման բան չպետք է կրկնվի: Դրանից հետո սա կատարվում է Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում, եւ ճշմարտությունն այն է, որ չպետք է կատարվի, սակայն նորից ու նորից կատարվում է: Մենք ասում ենք՝ եթե իմանայինք, սակայն մենք դրա մասին իմանում ենք, դա տեսնում ենք»:
Դերասանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում դժվար է հասնել «ցեղասպանություն» բառի կիրառությանը։ «Երբ ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վկայություն էի տալիս «ցեղասպանություն» բառի հետ կապված, հասկացա, որ բարդ է ժամանակակից աշխարհի համար։ Իրենք կարծես հակված են «զանգվածային սպանդ» արտահայտությունն օգտագործել։ Նույնը Հայոց ցեղասպանության հետ կապված է։ Գիտեմ, որ երկար ու դժվարին պայքար է եղել, որ կոչես եղածն այն անունով, ինչն իրականում կա։ Դա տեղի է ունենում, բայց երկար ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, չես կարող մերժել, երբ մեկը մարդկային ցեղ է վերացնում, մշակույթ է վերացնում։ Սա ցեղասպանություն է։ Այլ տարբերակ չկա։ Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ չպետք է կատարվի, «այլևս երբեք», բայց մենք տեսանք Կամբոջա, Բոսնյա, Ռուանդա․․․ Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- շեշտեց Քլունին։
«Ավրորա» մրցանակաբաշխության գեղեցկությունն այն է, որ հիմնադիրները կարողանում են նայել այն մարդկանց հերոսությանը, որոնք գնում են վտանգավոր տեղեր, ռիսկի ենթարկում իրենց կյանքը, որպեսզի ուրիշներին կարողանան օգնել»,- ասաց Ջորջ Քլունին՝ նշելով, որ ինքը հպարտ է այս օրերին Հայաստանում գտնվելու համար: