BlogNews.am-ը գրում է. «Հայաստանի ձայնը» նախագծում Սոֆի Մխեյանի թիմում ներկայացած երգիչ Վլադիմիր Պողոսյանն այսօր մկրտվել է։ Արարողությունը կայացել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում։
Վլադիմիրը ասաց, որ միշտ ցանկացել է մկրտվել, սակայն հիմա էր եկել ճիշտ ժամանակը։ Որպես կնքահայր և կնքամայր նա ընտրել է երգիչ-ամուսիններ Հայկոյին և Անահիտ Սիմոնյանին։ «Ես շատ լուրջ եմ վերաբերում քրիստոնեական ծիսակատարությանը և ուզում էի, որ քավորն ու քավորկինը լինեն ինձ շատ հարազատ մարդիկ։ Անահիտին ճանաչում եմ ավելի քան տասը տարի, Հայկոյին ևս վաղուց եմ ճանաչում, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք շատ մտերիմ ենք։ Երբ նրանց առաջարկեցի, չմերժեցին ինձ, ինչի համար անսահման շնորհակալ եմ։ Հիմա արդեն մեր հարաբերություններն ամրապնդվեցին եկեղեցով:)»,- նշեց Վլադիմիրը։ Վլադիմիրի համար երկրորդ անվան ընտրությունն արել է Հայկոն՝ ընտրելով Նարեկը։
Երգչից տեղեկացանք, որ մկրտության կապակցությամբ մեծ խնջույք չեն կազմակերպել։ Արարողությունից հետո նրանք գնացել են քաղաքից դուրս, ինչպես Վլադիմիրը նշեց, այսօր իր հետ միայն հարազատ մարդիկ են՝ մայրը, Նիկ Էգիբյանը, «Հայաստանի ձայնից» Ալինա Կիրակոսյանը և Հայկոյի մտերիմ ընկերներից մեկը։ «Իմ կյանքի ամենաերջանիկ ու սպասված օրերից մեկն է, շրջապատված եմ իսկապես հարազատ մարդկանցով, ինչի համար երջանիկ եմ»,- նշեց նա։