ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Պայքարն ընթացել է 226 թիմերի միջև, որոնք ներկայացել են նախկին խորհրդային երկրների բուհերը: Օլիմպիադան անցկացվել է դեկտեմբերի 3-4-ը՝ միաժամանակ մի քանի քաղաքներում՝ Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի, Բարնաուլ: Եզրափակիչ փուլ են անցել առաջին 17 տեղերը զբաղեցրած թիմերը, այդ թվում՝ հայկականը:
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի վստահեցմամբ՝ մրցույթը շատ բարդ է, իսկ մեր թիմի նվաճումը՝ պատմական:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի փոխանցմամբ՝ թիմն այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է.
«Անցած տարի էլ բավականին ուժեղ էին, արժանի եզրափակիչ դուրս գալու, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Թիմը «ջարդել» է ամենաբարդ խնդիրներից մեկն ու զարմանք առաջացրել կազմակերպիչների մոտ, որովհետև նրանք ենթադրում էին, որ այդ խնդիրը ոչ մի թիմ չի կարող լուծել»,-նշեց Արմեն Անդրեասյանը:
Ուսանողներից Ալբերտ Սահակյանն էլ բացելով հաջողության գաղտնիքը՝ նշեց.
«Շաբաթը գոնե մեկ անգամ հավաքվում և 5 ժամ հատկացնում էինք պարապմունքներին և ամենաբարդ խնդրի լուծում գտնելն էլ պատահական չէ»:
Պարզվում է՝ հաջողության հասնելու գաղտնիքն այսքանով չի սահմանափակվել, տղաները հետաքրքրիր ստրատեգիա էլ են ընտրել.
«2 հոգի լուծում էին սկզբնական խնդիրները, իսկ մյուս մասնակիցը հենց մրցույթի սկզբում փորձում էր լուծել դժվար խնդիրը, քանի որ վերջում հնարավոր է՝ հոգնած լինեինք»,-անկեղծացավ Հրայր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ն, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է, որտեղ էլ հաջորդ տարի մայիսին տեղի կունենա եզրափակիչ փուլը:
Անի Կարապետյան


