«Հայաստանում ռուսերե՞նն են ցանկանում երկրորդ պետական լեզու դարձնել, այդ դեպքում չինացիներն էլ կասեն մենք ավելի շատ ենք, ինչո՞ւ չինարենը չեք դարձնում, հետո նման հարց կտան ֆրանսիացիները, գերմանացիները: Այսինքն, այս հարցը պետք է փակված համարել ու բացառել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Նրա կարծիքով՝ ռուսներին ուղղակի մտահոգում է այն, որ քչացել են իրենց լեզվով հաղորդակցվողները:
Լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանի կարծիքով էլ ռուսների այս առաջարկն աբսուրդի ժանրից է.
«Այ, եթե տնտեսապես հզոր երկիր լինեինք, նման պայմաններ չէին առաջարկի: Վարորդական իրավունքը չէին փոխարինի լեզվի պետական կարգավիճակ ստանալու հետ ու մեզ հետ հավասարը հավասարի պես կխոսեին»,-ընդգծեց Արտաշես Մարտիրոսյանը:
Լեզվաբանները հորդորեցին մեր լեզվի դարդ ու ցավի մասին մտածել.
«Ինչ լեզվով որ խոսում է հայ ժողովրդի մեծ մասը, նույն վիճակում նաև գովազդի վիճակն է: Ծայրից ծայր օտարամոլություն է, այն խեղդում է մեզ: Ասում են՝ իրական սուրճ, իրական շահում, անհատական գազի կաթսա՝ գազի անհատական կաթսայի փոխարեն, կամ՝ բուրավետ աղբ փաթեթ՝ աղբի բուրավետ փաթեթի փոխարեն և այլն»,-նկատեց Արտաշես Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան


