ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:
Ուռուցքաբաններ Գրիգորի և Լևոն Բադալյանները կողմ են այս նախագծին, քանի որ նրանց փոխանցմամբ՝ Հայաստանում տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղն առաջին տեղում է:
«Ապացուցված է՝ ծխախոտն 80 տոկոսով առաջացնում է թոքերի քաղցկեղ: Լինում է նաև կոկորդի, ստամոքսի, միզապարկի, արգանդի վզիկի քաղցկեղ: Հայաստանում տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղն առաջին տեղում է: Այն ունի գաղտնի ընթացք, հիմնականում ախտորոշվում է 3-4-րդ փուլերում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուռուցքաբան Գրիգորի Բադալյանը:
Լևոն Բադալյանն էլ հավելեց.
«Այն մարդիկ, ովքեր 30 տարի ծխել են, բայց արդեն 10 տարի է՝ դադարեցրել են ծխելը, անգամ նրանց մոտ քաղցկեղի առաջացման մեծ վտանգ կա: Դրա համար աշխարհի շատ երկրներում քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հետազոտություններ են կատարվում, որը ԿՏ-ն է, խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ կատարել 55 տարեկանից բարձր կանանց ու տղամարդկանց, ովքեր շատ են ծխել: Այս հետազոտությունը գրեթե անվնաս է, հայտնաբերում են այն փուլում, որի ժամանակ հնարավոր է բուժում կատարել»:
Գրիգորի Բադալյանը վստահ է՝ միայն արգելքի դեպքում հնարավոր կլինի կրճատել ծխողների թիվը:
«Եվրոպայում նվազել են թոքի քաղկեղի դեպքերը, քանի որ արգելված է ծխելը, նույնը նաև ԱՄՆ-ում: Պետք չէ հույսը դնել մարդկանց գիտակցելու վրա: Իմանալով, որ վնաս է, մինչ օրս շատ տղամարդիկ իրենց երեխաների մոտ ծխում են: Նորածինների շրջանում անգամ հանկարծամահության դեպքեր են եղել»,-նշեց Գրիգորի Բադալյանը:
Անի Կարապետյան


