▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ անվճար ստենտավորում է կատարվում.ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան

«Սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես գարնան սկզբին սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք ՀՀ-ում հիմնական մահացության պատճառներից են: Այս հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ունի ոչ միայն առողջապահական լուրջ նշանակություն,  այլև սոցիալական բնույթ է կրում: Վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել՝ բուժումն ավելի հասանելի դարձնելու համար: Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ից գործում է պետական ծրագիր, որի էությունը սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ շտապ ստենտավորումն է՝ պետական պատվերով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը՝ հավելելով.

«Պետության հնարավորությունները թույլ են տալիս կատարել մեկ նեղացած անոթի ստենտավորում, որը հանգեցրել է ինֆարկտի: Եթե անհրաժեշտ է լինում, ապա 2-րդ ստենտն էլ է դրվում ևս անվճար, սակայն խոսքը միայն ինֆարկտված անոթի մասին է: Իսկ, եթե հիվանդն ունի ևս այլ անոթների կամ տվյալ անոթի այլ հատվածի նեղացում, դրանք հետագայում կատարվում են պլանային ձևով՝ օրեր, շաբաթներ անց և վճարովի հիմունքներով»:

Հարցին, թե ինչո՞ւ է տեղադրվում ոչ դեղապատ ստենտ և ոչ թե դեղապատ,  ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանը պատասխանեց.

«Պետությունը այս ծրագրի համար տարեկան տրամադրում է 3 միլիոն դրամ, իսկ մենք պետք է ընդգրկենք բոլոր հիվանդներին: Մենք մարդուն չենք կարող ասել՝ գումարը հոկտեմբերին վերջացել է, իսկ ձեր ինֆարկտը տեղի է ունեցել դեկտեմբերին: Պետք է ապահովենք բոլորին, ինչի համար էլ ոչ դեղապատ ստենտ է տեղադրվում: Պետք է հասկանալ, որ ինֆարկտի ժամանակ կարևորը անոթը բացելն է, արյան հոսքը վերականգնելը»:

 Համլետ Հայրապետյանի խոսքով՝ դեղապատի ու ոչ դեղապատի տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում կրկնակի փակվելու հավանականությունն ավելի քիչ է: Դեղապատինը կազմում է 10,  ոչ դեղապատինը՝ 25 տոկոս: Իսկ, եթե հիվանդը դեղապատ ստենտ է ցանկանում, ապա վճարում է ամբողջ գումարը:

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանը հորդորեց նաև վարել առողջ ապրելակերպ, բուժել հիպերտոնիան, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, ճիշտ սնվել, չծխել:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее