5 տարի առաջ սկսվեց և այսօր էլ շարունակվում է Աբգար արքային նվիրված շախմատային մրցաշարը: Այս տարի այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Խորագիրն է՝ «Արքայի տոն՝ արքայական խաղով»:
Կմասնակցեն քահանաներ, զինվորներ, ոստիկաններ, հաշմանդամություն ունեցողների թեմական երիտասարդներ: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ խաղը 2 փուլից է բաղկացած.պարտվողները ստանում են պատվոգրեր, իսկ հաղթողները խաղը շարունակում են գրոսմայստերների հետ: Այս տարի հրավիրել են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին ու մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանին: Մրցավարը կլինի Նորիկ Քալանթարյանը:
Քաղաքացիները մրցաշարին մասնակցել չեն կարողանա, քանի որ տեղը սահմանափակ է, բայց նպատակ ունեն մրցաշարը հաջորդ տարվանից վերածել շախմատի փառատոնի:
Հիշեցնենք, որ Եդեսիայի Աբգարն առաջին թագավորն է եղել, որ հենց Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք հավատացել է նրան: Ըստ ավանդության՝ Աբգարն անբուժելի հիվանդ է լինում և նամակ է ուղարկում Քրիստոսին, որով նրան խնդրում էր գալ իր քաղաքը, բժշկել իրեն եւ բնակվել այնտեղ: Փրկիչը պատասխանում է, որ ինքը պետք է ավարտի իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին և պարգևելու հավիտենական կյանքի ավետիսը: Աբգարի սուրհանդակը, Քրիստոսի պատասխանի հետ բերում է նաև նրա անձեռակերտ սրբապատկերը, որը Տերն իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա: Քրիստոսի համբարձումից հետո նրա առաքյալներից մեկը՝ ս. Թադեոսը, գնում է Եդեսիա, բժշկում Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին՝ քարոզելով ավետարանը: Ողջ քաղաքը հավատում է Քրիստոսին և դարձի է գալիս, հրաժարվում կռապաշտությունից և մկրտվում է: Այս պատմությունն էլ հիմք է հանդիսացել, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Աբգար թագավորի տոնի առիթով շախմատի մրցաշար անցկացնելու որոշում կայացնեն:
Անի Կարապետյան


