Մի քանի հարցեր կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ եւ առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին և իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները. այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Օրինակ եթե ես՝ առաջին փոխվարչապետս, ունենամ որեւէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն, որեւէ այլ անձ մեծ ժվարություններ կունենա ինձ հետ մրցակցելու, որովհետեւ զանազան սխեմաներ կարող եմ գործի դնել»,-ասաց նա:

Առաջին փոխվարչապետի խոսքով` այս հարցը մեկ օրում լուծվել է. «Մենք՝ ՀՀ իշխանություններս, չունենք բիզնես հետաքրքրություններ սեփական եւ գործադիր իշխանությունը որեւէ կերպ չի փորձում ազդել դատարանների վճիռների վրա: Սրանք են այն խնդիրները, որոնք էական են բիզնեսի համար և որոնք բացում են բոլոր դռները միջազգային եւ խոշոր բիզնեսի առջեւ: Ես վստահ եմ, որ առաջիկա ամիսներին, տարիներին մենք կտեսնենք էական փոփոխություններ այս հարցում»:


