Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Վարչապետը համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: «Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք և առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման և ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և վստահ եմ, որ Դուք մեզ չեք մոռանա: Միշտ ուրախ կլինենք Ձեզ տեսնել Հայաստանում», - դիվանագետին ասել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ աշխատանքի մեծ դաշտ կա:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել համագործակցության և ջերմ հարաբերությունների համար: Հայաստանից հեռանում եմ խառը զգացողություններով, քանի որ այստեղ ինձ զգում էի ինչպես հայրենիքում: Վստահ եմ, որ Երևանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ», - նշել է դեսպանը:
Նշենք նաև, որ վարչապետն այսօր ծանոթացել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող SoftConstruct ընկերության գործունեությանն ու ծրագրերին:
Մանրամասները՝ ստորև.
...Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանում տեղակայված SoftConstruct ընկերության գրասենյակ: Կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է ընկերության գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 15 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: SoftConstruct-ի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների թիվը հասնում է 2500-ի:
Բացի խաղային ծրագրերից՝ SoftConstruct-ում ստեղծվել են շատ այլ ծրագրեր, որոնց թվում են՝ Ucraft-ը, որը կայքեր պատրաստելու արագ և պարզ հարթակ է, CRM-ը՝ ուղղված հաճախորդների հետ կապի ապահովմանը, FeedConstruct ծառայությունը, որը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում և տեսահեռարձակում չունեցող խաղերի մասին մարզադաշտերից օնլայն տեղեկատվություն հավաքագրելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է: Նշվել է, որ SoftConstruct-ի մշակված ծրագրերի ու հավելվածների FeedConstruct համակարգը թույլ է տալիս տեղեկատվությունն աշխարհի ցանկացած կետից հաճախորդներին փոխանցել մինչև 0,5 վայրկյան արագությամբ, ինչը զգալիորեն ավելի արագ է ցանկացած տեսակի հեռուստահեռարձակումից: Ընկերության FCBanking ծրագիրն էլ նախատեսված է վարկային կազմակերպությունների համար:
Ընկերության ղեկավարները նշել են, որ նախատեսում են տարեցտարի ընդլայնել SoftConstruct-ի գործունեությունն ու ավելացնել աշխատատեղերի թիվը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ընկերության ակտիվ գործունեությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը միտված քայլերն ու ծրագրերը:


