▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հանգստյան վայրերում մեկ գիշերվա համար տարօրինակ ու աբսուրդ գին են պահանջում

1979 թվականից սկսած` այս օրը ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կողմից նշվում է որպես Տուրիզմի միջազգային օր(World Tourism Day)։ Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանի կարծիքով, այս ոլորտում դրական տեղաշարժ կա՝ տուրիստների հոսքի, կացարանների քանակի, ծառայությունների որակի առումով:

«Մենք ունենք և՛ պատմություն, և՛ բնություն, և՛ մարդկային ռեսուրս, սակայն, որքան էլ որ ցավալի է, Հայաստանն այնքան էլ ճանաչելի երկիր չի եղել, բայց վերջին տարիներին իրավիճակը փոխվել է: Համացանցում Տուրիզմի պետական կոմիտեի ակտիվությունն ակնհայտ է և արդյունավետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Ոսկանյանը:

Նրա փաստմամբ՝ Հայաստանում վերջին տարիներին թափ է առել իրադարձային տուրիզմը, երբ մարդիկ կարճ ժամանակով են այցելում Հայաստան:

«Օրինակ՝ ռուսները մայիսյան տոներին են գալիս ու 2-3 օր են մնում, ստիպված Երևան ու մերձակա շրջաններ են այցելում: Իսկ եվրոպացի տուրիստները տեսարժան վայրեր են գնում, ինչպիսին Տաթևն է: Հեռու շրջաններում, բնականաբար, մեկ կամ երկու գիշեր անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում: Հայաստանում՝ կախված մարզից, բնակավայրից, տեղեր կան, որ տուրիզմի կայուն զարգացման միտումը կա, տեղեր էլ կան, որ ցավոք, այդպես չէ: Օրինակ՝ Սյունիքի մարզում տարիներ առաջ գիշերակացը Սիսիանում էր, իսկ հիմա հոսքը Գորիսում է: Շատ են բացվում հյուրանոցներ, մատչելի կացարաններ»,-նշեց հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետը:

Արթուր Ոսկանյանն անդրադարձավ նաև հյուրատների, հյուրանոցների՝ մեկ գիշերվա համար առաջարկվող բարձր գներին՝ նկատելով.

«Դա մասնավոր տնտեսվարողների խնդիրն է, պետությունը չի կարող միջամտել: Իհարկե, պետք է հաշվի առնել ժողովրդի եկամուտը, դրա համար էլ կառուցվում են կացարաններ, որտեղ որ գները 2-3 անգամ ավելի ցածր են:

20.000-ի փոխարեն մարդը կարող է 5000 դրամ վճարել: Իհարկե, չպետք է մոռանալ, որ որակի կորուստ կա»,-ասաց նա:

«Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանի համար  օրինակ՝ տարօրինակ է Ջերմուկի հյուրանոցների գնային քաղաքականությունը:

«Տարօրինակ ու աբսուրդ գներ են, դրա համար զբոսաշրջային երթուղիներում հաճախ Ջերմուկը չի ընդգրկվում: Նորավանքից ոչ թե Ջերմուկ, այլ Տաթև են գնում, հետ վերադառնալուց էլ՝ Սևան: Այնտեղ անգամ մեկ գիշերվա համար 90.000 դրամ են պահանջում»:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացվող սպասարկմանը՝  Արթուր Ոսկանյանը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել սպասարկման որակն ու մակարդակը:

«Հետաքրքրիրը գիտե՞ք՝ որն է: Գրեթե բոլոր տուրիստներն ասում են, որ տեսնելով Հայաստանի տնտեսական վիճակը, իրենց համար անհասկանալի է, թե կենցաղային այս պայմաններում այստեղ ինչպե՞ս են կարողանում պահպանել մարդկային որակներն ու այդքան ջերմ լինել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее