▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Դիտեք նաև՝

***

«Այդ հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված»,- իր ուղերձում, անդրադառնալով Վաշինգթոնի եռակողմ հռչակագրին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք խաղաղության պայմանագրի վերջնական հաջողությանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը: Վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար 2 երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը` հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջության և իրավազորության հիման վրա:
Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախճվանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ-ի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշեց նա:

***

«Մերժեցինք վրեժխնդրության ցանկացած դրսևորում ներկայում և ապագայում»,- իր ուղերձում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի՛ ժողովուրդ։ Օգոտոսի 8-ից մենք ապրում ենք ուրիշ Հարավային Կովկասում, Նոր Հայաստանում»,- հայտարարեց նա։

***

Իր ուղերձում վարչապետ Փաշինյանը բացատրեց, թե ինչպե՞ս են բացվելու հաղորդակցության ուղիները. «Առաջին հերթին այդ հատվածներում պետք է սահմանագծվի և սահմանազատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Առաջիկայում այս հարցը պետք է մանրամասն քննության առարկա դառնա։ Սա մեզ համար նոր մտահոգությունների դուռ չի բացում»։

***

«Հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում, ինչպես նորածին և ոչ միայն նորածին երեխան, ինչպես նորակառույց ու նորաբնակ տունը, ինչպես նոր ու սիրելի մեքենան:
...Իհարկե, այդ մեքենայի բարվոք վիճակը կախված է ոչ միայն մեզնից, այլ նաև երթևեկության մյուս մասնակիցներից, ոստիկանության և ճանապարհաշինարարների աշխատանքից: Բայց մեզնից որևէ մեկն իրավունք չունի առավելագույնս հոգ չտանել իր երեխայի մասին` դա արդարացնելով կրթական առողջապահական համակարգով: ...Որևէ կարգազանց վարորդի վարքը չի կարող արդարացվել քաոսային երթևեկությամբ»,- ասաց Փաշինյանը:

***

«Մեր նոր կյանքը պետք է ապրենք նորովի, որովհետև նոր գինին հին տիկերի մեջ չեն պատահում»,- իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր նահատակների հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետև խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին...»,- ասաց նա:

***

«Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչ եղան, կամ ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները»,- իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, Վաշինգթոնյան հռչակագրով եւ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ–ի տարածքի հետ եւ այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։
Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ․ գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ է հնչել մեր ականջին, եւ գուցե կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետեւ սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ»,- հայտարարեց Փաշինյանը։

***

«Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել»,- իր ուղերձում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին` որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»,- ասաց Փաշինյանը։

***

«Մեր պետության 34–ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ–պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո։ Ամեն անգամ որեւէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել` դա հաղթանա՞կ է, թե պարտություն։

Սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետեւ եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջև, այսինքն, քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց, ի վերջո, քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ։
Այլ բան է փոխհամաձայնության բանաձեւը, որը հաջողություն է խոստանում համաձայնվող բոլոր կողմերին»,- իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

Քիչ առաջ կայացած իր տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմոռացավ կրկին հայտարարել, որ հայրենազուրկ դարձած արցախցիների վերադարձի մասին պատկերացումներն իրատեսական չի համարում։ «Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։
Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք եւ մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։
Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»,- հորդորեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее