«Այո, կողմերի գործողությունների համաձայնեցման որոշակի տարրեր գուցե հնարավոր են: Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայության բուն փաստն անտեսել հնարավոր չէ: Բայց կրկնեմ` օպերացիան ռուսական է, օպերացիան խաղաղապահ է, օպերացիան իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ»: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կոսաչյովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը, ինչպես եւ Ադրբեջանը, պատրաստակամություն ցուցաբերի կատարելու պարտավորությունների իր մասը:
«Կա Ադրբեջանի համաձայնությունը` կանգ առնել սրա վրա եւ օգտվել ռուս խաղաղապահների բարի ծառայություններից, կա Հայաստանի, համենայն դեպս` Հայաստանի առաջին դեմքերի համաձայնությունը: Այս պահի դդրությամբ մենք դեռ պետք է համոզվենք, որ այս համաձայնությունն ուղեկցվում է առնվազն հարաբերական հանրային համաձայնությամբ, հանրային կոնսենսուսով: Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը, ինչպես եւ Ադրբեջանը, պատրաստ է կատարել այս եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորության իր մասը, միայն այդ դեպքում ռուս խաղաղապահներն արդյունավետ կլինեն»,- ասել է Կոսաչյովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում: