▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կունենա երկու նոր ավտոճանապարհ դեպի ՌԴ. ռուսներն ու վրացիները պայմանավորվե՞լ են

armtimes.com-ը գրում է. Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրահայից, որտեղ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում:

Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ եւ Վրաստանի միջեւ «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով:

Սա չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:

Եթե ՌԴ եւ Վրաստանի ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության եւ պայմանավորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ կապող մի շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի եւ Աբխազիայի տարածքով անցնող ավտոճանապարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սեւ ծովի ափամերձ տարածքով եւ ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի Հարավ-արեւմտյան շրջաններ ուղեւորվողների համար:

Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կլիմայական երեւույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային եւ Հյուսիսային Օսեթիաների տարածքով եւ Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան շրջաններին կապվելու համար:  

Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն, ապա մեր քաղաքացիները եւ գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հուսալի եւ էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее