««Հայաստան» խմբակցությունը ծաղրում է իր հետ հույսեր կապողներին»․ Նարեկ Մալյան
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն, ըստ որի
1. նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2. Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ որ պայմանններ:
3. «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:
Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:
Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր, հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից»:
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ`ստորև․ «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։
● Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:
Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։
Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։
Այնուամենայնիվ,
«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:
Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»։
***
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Facebook-ի օգտահաշիվը կոտրվել է խակերների կողմից և խմբակցության անունից հայտարարություն է տեղադրվել՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։
Առաջարկում եմ օգտահաշիվը կառավարող գործընկերներին ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում հեռացնել «Հայաստան» դաշինիք պատգամավորներին թիրախավորելու և նրանց հեղինակության դեմ արված հայտարարությունը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet