▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինվոր, մենք քեզ հետ ենք. հայ հայտնիները համախմբվել են

«Պատրաստվում էինք մայիս ամսին ներկայացնել Հայկ Պետրոսյանի հերթական ներկայացումը, սակայն մտափոխվեցինք և հասկացանք, որ այս ամիս այլ բան  կարող ենք իրականացնել»,-Asekose.am-ին ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը` հավելելով, որ մայիսին 9-ին նախաձեռնել են «Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով բարեգործական համերգը:

Համերգին մասնակցելու են Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Նարինե ԴովլաթյանըThe Beautified Project-ը և Հայկ Պետրոսյանը: Վերջինս նաև հանդես է գալու որպես երեկոյի  հանդիսավար: Բարեգործական համերգի ողջ հասույթը տրամադրվելու է ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին.

«Ռուբենը ներկայումս հիվանդանոցում է գտնվում: Նա վիրավորվել է Թալիշի մոտակայքում քառօրյա պատերազմի ընթացքում: Ռուբենը ողնաշարի հետ կապված  խնդիրներ ունի: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցենք նրա ընտանիքի անդամներին` անմիջապես համերգի ընթացքում: Առհասարակ, որոշում ենք կայացրել ամեն ամիս նմանատիպ բարեգործական համերգներ կազմակերպել և օգնել 1-2 զինծառայողների: Ընտրելու ենք նրանց, ովքեր  սոցիալական աջակցության կարիք ունեն»,-նշեց Ալեքսանդր Մհերյանը:

Համերգի ընթացքում հնչելու են հիմնականում հայրենասիրական բնույթի երգեր` բոլորը նոր մոտեցմամբ.

«Համերգը լինելու է կենդանի հնչողությամբ: Լինելու են անակնկալ զուգերգեր, առհասարակ, բոլոր երգերը հնչելու են նոր մոտեցմամբ: Մենք ընտրել ենք այնպիսի երգիչների, ովքեր ասելիք ունեն, իրենցից արժեք են ներկայացնում: Ի վերջո, այս երգիչներին չի կարելի հանդիպել ռեստորաններում և  ակումբներում. նրանք էժանագին երգեր և 6.8 չեն ներկայացնում»,-ասաց պրոդյուսերը` նշելով, որ համերգի տոմսերն արդեն գրեթե սպառվել են, սակայն մարդիկ դեռևս ունեն հնարավորություն մասնակցելու երաժշտական երեկոյին` այդ ձևով միաժամանակ բարեգործություն կատարելով:

Հավելենք, որ «Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք»  խորագրով համերգը տեղի է ունենալու մայիսի 9-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, տոմսերի արժեքը 3000 դրամ է:

Հեղինակ` Լիլիթ Հակոբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее