▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդի վերջը տալու հերթական ծրագիրը

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է: Այն նշվում է 1972 թվականից: Այս տարի ընտրվել է «Ես բնության հետ եմ» խորագիրը, որի նպատակը մարդու ու բնության միջև կապ հաստատելն է:

Բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ մարդն այսօր շատ է հեռացել բնությունից:

«Մի պատմություն կա՝ վայրի կենդանիները բացատում հավաքվում և սկսում են վիճել, թե ո՞րն է ամենուժեղը, ամենակարևորը և այլն: Պատմությունն ավարտվում է նրանով, որ անտառապահը գալիս ու բոլորին քշում է: Մարդիկ էլ են այդպիսին: Միմյանց հետ վիճում են տարբեր հարցերի շուրջ, իսկ այդ ընթացքում մոլորակը մարդու դեմ է դուրս գալիս: Հիմա փորձում են պայքարել այս ամենի դեմ: Ցավոք, Հայաստանն այս ամենին լուրջ չի վերաբերվում: Մեզ մոտ էկոլոգիան ամենավերջին տեղում է: Շատ հաճախ ասում են՝ երկրի վիճակը կլավանա, նոր այս հարցեը կլուծենք: Կներեք, Հյուսիսային պողոտան լրիվ հակաէկոլոգիական նորմերով է կառուցվել, ամեն բակում մեկ բարձրահարկ շենք կա, դա փողի պակասի՞ց է, աղքատությունի՞ց, թե՞ հակառակը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը նկատում է՝ Հայաստանն աղբով է ծածկված ու հնարավոր չէ անգամ տուրիզմը զարգացնել:

Շարունակելով վերջինին՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ Հայաստանում աղբի տեսակավորման, վերամշակման մասին խոսք չկա:

«Լուրջ միջոցառումներ պետք է ձեռնարկել այս ուղղությամբ»:

Ինգա Զարաֆյանն անդրադարձավ նաև հանքարդյունաբերության ոլորտին.

«Ամեն կազմակերպության թիկունքում պաշտոնյա է: Վայքի, «Գլաձոր» բազմամետաղային հանքերին եթե անդրադառնանք, ապա մեծ ներդրումներ են կատարվում: «Գլաձոր» բազմամետաղային հանքում կան ծանր մետաղներ, մեծ քանակությամբ ծծումբ, որն ագրեսիվ էլեմենտ է ու շահագործման դեպքում տարածվում է»,-ընդգծեց  «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահը՝ շեշտելով.

«Մենք պետք է դիմադրենք նման ճնշմանը, հատկապես որ այսօր ունենք 30 հանք, որից 8-ը շահագործվում է եւ 21 պոչամբար։ 15 տարի անց մեր փոքրիկ երկրում կունենանք 10 տոկոս աղտոտված, ընդհանրապես չօգտագործված տարածք: Ի՞նչ է, մենք այդքան շատ տարածք ունենք, ո՞վ է փոխհատուցում տալու: Հայաստանում նաև խնդիր է ջուրը: Մենք սակավաջուր երկրների ցանկում ենք: Դա շատ վատ ցուցանիշ է մեզ համար: Հիմա համայնքներում մաքուր ջրի համար «պատերազմներ են գնում»: Սա լուրջ խնդիր է»:

Բանախոսներն անդրադարձան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին.

«30-ից ավելի անկախ փորձագետների եզրակացությունը կա, որը բացասական է: Հայտնաբերվել են տարբեր ռիսկեր: Ակնհայտ աջակցություն են ցուցաբերել այս ծրագրերին ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Այս հանքի շահագործման ժամկետը 10 տարի է»,-նշեց Ինգա Զարաֆյանը:

Կարինե Դանիելյանն էլ հիշեց.

«Տպագրվել էր մի հոդված, որտեղ երկրաբան Արմեն Սաղաթելյանն անդրադարձել էր Սևանին, Ջերմուկին ու հոդվածն ավարտել էր այս տողերով.«Միջազգային հանրության տարբեր ուժեր շատ ծրագրեր են իրականացրել՝ հայ ժողովրդին վերջ տալու համար, և սա հերթականն է: Հետո՝ մի քանի ամիս առաջ,  նա գիտաժողովի եկավ ու բոլոր ռիսկերը ներկայացրեց՝ ամենը հիմնավորելով»:

Ինգա Զարաֆյանն էլ որպես օրինակ բերեց Գեղանուշ համայնքն ու պոչամբարը՝ նշելով, որ անգամ գյուղապետի մակարդակով դիմում են Առողջապահության նախարարությանը՝ խնդրելով, որ ստուգեն համայնքի բնակիչների առողջությունը, քանի որ գյուղում ամեն երկրորդ մարդն ուռուցքային հիվանդություն ունի:

Քաջարանին մոտ գտնվող Լեռնաձոր համայնքից էլ են դիմել՝ ասելով, որ երեխաների մազերում թունավոր մետաղներ են հայտնաբերվել: Ոչ մի պատասխան չեն ստացել:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее